Իսպանիայի թագավորը նոն-գրատա է հայտարարվել կատալոնական քաղաքում
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսն անցանկալի անձ է հայտարարվել Կատալոնիայի Բերգա քաղաքում: Այս որոշումը կայացվել է թագավորի՝ Աֆրիկայում փղերի որսի մասնակցությունից հետո:
Խուան Կառլոսի այցը Աֆրիկա հանգեցրել է երկրի մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների և բնապահպանների խիստ քննադատությանը: Քաղաքական գործիչները հայտարարել են, որ թագավորը պետք է ներողություն խնդրի, որ երկրի ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում մեկնել է Աֆրիկա՝ զվարճանալու:
Իր հերթին Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի իսպանական ճյուղի (WWF) ակտիվիստները համարում են, որ հիմնադրամի պատվավոր նախագահ հանդիսացող թագավորի մասնակցությունը փղերի որսին լուրջ վնաս է հասցրել կազմակերպության հեղինակությանը: Հիմնադրամի ղեկավարությունը նախաձեռնել է թագավորի՝ WWF-ի պատվավոր նախագահի պաշտոնից ազատման գործընթացը:
Ավելի ուշ Խուան Կառլոսը ներողություն էր խնդրել իր արարքի համար և համաձայն El Mundo պարբերականի, իսպանացիների 70%-ը ներել են նրա սկանդալային ուղևորությունը:
Սակայն 17 հազար բնակչություն ունեցող Բերգա քաղաքի բնակիչները «նոր քար են նետել» թագավորի «բոստանը»:









