ԲՀԿ-ի օգտին կաշառք բաժանելու կասկածանքով բերման է ենթարկվել մեկ քաղաքացի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կաշառք բաժանելու կասկածանքով, այսօր թիվ 4/27 ընտրատեղամասից (Երևան, Արաբկիր) բերման է ենթարկվել Արմեն Մաթևոսյանը, ում մոտ հայտնաբերվել է ընտրողների անուններով նոթատետրեր, 380 հազար դրամ գումար՝ նրան պատկանող պայուսակում և մոտ 127 հազար դրամի չափ գումար՝ գրպանում, այս մասին Tert.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Այս գործով նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որի վարույթում են գտնվում ընտրակաշառքներին վերաբերող քրեական գործերը:
Այս պահին Հատուկ քննչական ծառայությունը Արմեն Մաթևոսյանի գործով նյութեր է նախապատրաստում:
Ի լրումն, Սոնա Տռուզյանը հայտնեց, որ օրվա ընթացքում Գլխավոր դատախազության թեժ գիծն ընտրակաշառքների վերաբերյալ ամենաշատ ահազանգերն է ստացել Շենգավիթի թիվ 12 ընտրատարածքից:
Մեկ այլ դրվագով ևս՝ ընտրակաշառքի բաժանմանը վերաբերող նյութեր են նախապատրաստվում ՀՔԾ-ում: Մի քաղաքացի, ում անունը չի հայտնվում, բացատրություն է տվել այն մասին, որ իրեն ընտրակաշառք է տվել տվյալ տարածքի ԲՀԿ շտաբի պետը, որպեսզի քվեարկության օրը քվեարկի ԲՀԿ-ից առաջադրված Լյովա Խաչատրյանի օգտին:
Ընտրությունների օրինականության վերահսկողության ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ ձևաչափով ստեղծված միասնական շտաբի համակարգող Հմայակ Հովհաննիսյանն ի պատասխան այն հարցի, թե ԲՀԿ-ականներին վերագրվող ընտրակաշառքը չի՞ հակասում շտաբի ոգուն ասաց. «Լավ պետք չի, ես հիմա զբաղված եմ»:
Նշենք, որ այս պահին միասնական շտաբ է այցելել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և հանդիպում է լրագրողների հետ:









