Զոլաքարում ՀԱԿ-ի վստահված անձը ծեծի չի ենթարկվել. Ոստիկանությունը
ՀՀ ոստիկանությունը հերքում «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի նախընտրական շտաբի առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում տարածած հայտարարությունն այն մասին, թե Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում՝ 24/26 ընտրատեղամասում, ծեծի են ենթարկել ՀԱԿ-ի վստահված անձին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
«ՀԱԿ-ի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում է ինքը` ՀԱԿ-ի վստահված անձը»,- ասված է Ոստիկանության հայտարարության մեջ:
«Ընդդեմ ապատեղեկատվության» հրապարակման մեջ (Ոստիկանության կայքում-խմբ.), Ոստիկանությունն ԱԺ ընտրությունների գործընթացի բոլոր մասնակիցներին կրկին կոչ է անում` «Հայտարարություններում հիմնվել միայն կոնկրետ ու կոռեկտ փաստերի վրա, ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց ու մեկնաբանելուց, ինչը կօգնի հասարակությանը զերծ պահել թյուրիմացություններից»:









