Ռոբերտ Քոչարյանը քվեարկել է ծրագրերի համար (լուսանկարներ)
Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող թիվ 7/03 ընտրական տեղամասում այսօր քվեարկեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինիս տրամադրությունը բավական բարձր էր։ Քվեարկելուց առաջ նա անգամ կատակեց. «Ակնոցներս դնեմ, որ հանկարծ սխալ չքվեարկեմ»:
Հարցին, թե ում օգտին է քվեարկել, ընդդիմությա՞ն, չէ՞ որ վերջինս քննադատել է իշխանություններին, Ռոբերտ Քոչարյանը ափսոսանք հայտնեց, որ չի կարող ասել, թե ում օգտին է քվեարկել։ «Քվեարկել եմ ծրագրերի համար»:
Կվերադառնա Ռոբերտ Քոչարյանը ակտիվ քաղաքականություն, թե ոչ հարցին էլ ՀՀ երկրորդ նախագահը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ դուք ուզում ե՞ք»:
Ռոբերտ Քոչարյանը նշեց նաև, որ քաղաքականություն վերադառնալու որոշում դեռ չի կայացրել, իսկ կմասնակցի վերջինս 2013 թվականի նախագահական ընտրություններին, թե ոչ, վերջինս նշեց, որ դեռ վաղ է դրա մասին խոսելը:
Նշենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրատեղամաս էր եկել իր կնոջ և թոռնիկների ուղղեկցությամբ:
Հիշեցնենք, որ 7-րդ ընտրատարածքում, մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ են առաջադրված Սամվել Ալեքսանյանը, Նիկոլ Փաշինյանը, Վարդան Վարդանյանը և Տիգրան Գրիգորյանը: Նշենք, որ 7-րդ ընտրատարածքում գործող պատգամավորը Սամվել Ալեքսանյանն է:









