Այս ամենը հիշեցնում է աբսուրդի թատրոն. Ռուբեն Հակոբյան
Մայիսի 6-ի ընտրություններն իրենց տեսակով և բովանդակությամբ բավականին օրիգինալ էին, և հիմնականում այդ օրինգինալությունը պայմանավորված էր իշխանական կոալիցիայի՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև մրցակցությամբ. Tert.am –ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ում խնդրել էինք ներկայացնել իր կարծիքը ընտրությունների ընթացքի մասին:
«Ժառանգության« փոխնախագահի գնահատմամբ՝ օրիգինալությունը նրանում է, որ մի կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ և ողջ, այսպես կոչված, միասնական շտաբը, հայտարարում են, որ Հանրապետականը զբաղված է ընտրություններ կեղծելով, կաշառքներ բաժանելով, մյուս կողմից համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ իրավապահ մարմինները քննության են առնում կամ ավելի ճիշտ՝ բերման են ենթարկում հիմնականում ԲՀԿ-ի ներկայացուցիչներին՝ որպես ընտրակաշառքներ բաժանողների:
«Նաև տեղեկություններ են հրապարակվում, որ Հանրապետության ողջ տարածքով մեկ ԲՀԿ-ն զբաղված է ընտրակաշառք բաժանելով և ընտրակեղծիքներով: Եվ նույնիսկ ՀԱԿ-ի ներկայացուցիչը՝ պատգամավորության թեկնածուն, կարծեմ Պետրոս Մակեյանը, հայտարարում է, որ բավականին խայտառակ վիճակ է, և այդ խայտառակ վիճակը վերաբերում է նաև ԲՀԿ-ին, որը ընտրակաշառքներ է բաժանում: Բայց միասնական շտաբի ներկայացուցիչները, ՀՅԴ-ն, ինչպես նաև ՀԱԿ-ը դրան չեն արձագանքում, որևէ գնահատական չեն տալիս: Սա իսկապես աբսուրդի թատրոն է»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:
Վերջինս հավելեց, որ սրանից շարքային ընտրողը միայն կարող է զարմանալ՝ «թե ի՞նչ է կատարվում և որտե՞ղ է ճշմարտությունը»:
Ռուբեն Հակոբյանն ասաց, որ առայժմ չի ցանկանում գնահատականներ տալ, թե ո՞վ ինչով է զբաղված, բայց հավելեց, որ այս տեղեկությունները համադրելու դեպքում կարելի է հանգել եզրակացությունների, և հասկանալ, թե այս իշխանություններից ո՞րն է ճշմարիտը, որը ոչ՝ գնահատականների առումով:
Հարցին, թե ի՞նչ եզրակացության է հանգել անձամբ ինքը՝ Ռուբեն Հակոբյանը, վերջինս նշեց.«Ես առայժմ գնահատական չեմ ուզում տալ, միայն արձանագրում եմ, որ այս ինֆորմացիաները ինչ-որ տեղ, ընդամենը, քաղվածքներ էին համացանցերից, իսկ գնահատականները, թե իսկապես ինչպե՞ս անցան ընտրությունները՝ «Ժառանգությունը» կտա վաղը կամ մյուս օրը»:
Նշվեց նաև, որ ըստ ամենայնի, այդ ընթացքում պարզ կդառնա, թե ողջ նախընտրական փուլում ինչպիսի՞ պայմանավորվածություններ են եղել, «ինչպիսի՞ դավադրություններ են սերմանվել ընդդիմադիր դաշտի նկատմամբ» և ինչի՞ պետք է հանգեցնեին այս ընտրությունները: Այնպես որ, շատ կարճ ժամանակում ամեն մեկը կունենա իր հստակ գնահատականը:









