Սերբիայում նախագահական, խորհրդարանական ու ավագանու ընտրություններ են

15:03 • 06.05.12

Սերբիայում մեկնարկել են նախագահական, խորհրդարանական ու ավագանու ընտրությունները: Առավոտյան ժամը 07.00-ին (Երևանի ժամանակով` 09.00-ին) երկրում բացվել են բոլոր 8.500 ընտրատեղամասերը: Ընտրելու իրավունք ունի մոտ 7 մլն մարդ:


Նախագահի պաշտոնի համար կպայքարեն 12 թեկնածու, իսկ պատգամավորական մանդատի համար` 18 կուսակցությունների ներկայացուցիչներ: Նախագահի պաշտոնի հիմնական թեկնածուներն են համարվում նախկին նախագահ և Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բորիս Տադիչն ու նրա գլխավոր մրցակից, Սերբական առաջադիմական կուսակցության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:

 

Նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: Եթե թեկնածուներից որևէ մեկը չհավաքի 50 տոկոսից ավելի ձայն, ապա 2 շաբաթից կկայանա ընտրությունների 2-րդ փուլը:

 

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա սոցհարցումների համաձայն` հաղթելու հնարավորություն ունի Նիկոլիչի «Առաջ տանենք Սերբիան» կոալիցիան, որին աննշան զիջում է Տադիչի «Հանուն լավ կյանքի» կոալիցիան:


 

Կոսովոյի սերբական հատվածում ընտրություններն անցնում են անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո: Պրիշտինայի իշխանությունները դեմ են ավագանու ընտրություններին, քանի որ դա հակասում է ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության սահմանադրությանը: Դիտորդների կարծիքով` դա կարող է հանգեցնել սերբ բնակչության ու ալբանական անվտանգության ուժերի միջև բախումների: