Կոալիցիոն գործըկերներին կոչ եմ անում ամպագոռգոռ հայտարարություններ չանել. ՀՀԿ խոսնակ

11:08 • 06.05.12

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է Tert.am-ին տված ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցին: «Կոչ եմ անում իմ կոալիցիոն գործընկերներին ամպագոռգոռ, իրականությունից հեռու հայտարարություններ չանել, պահպանել սառնասրտությունն ու հետևել ԿԸՀ նախագահի խորհուրդներին»,- Tert.am-ին ասաց Էդուարդ Շարմազանովը` նկատի ունենալով դրոշմակնիքների անհետացման հետ կապված Տիգրան Մուկուչյանի պարզաբանումը, ըստ որի` պետք է դրոշմակնիքները նախ թափահարել, ապա միայն օգտագործել:


Շարմազանովը ծիծաղելի համարեց Զոհրաբյանի մատնանշած այն սցենարը, թե դրոշմակնիքների անհետացումը կարող է հիմք դառնալ կրկնակի քվեարկությանը: «Եթե որևէ մեկի մտքով անցնում է ստվեր գցել ընտրությունների որակի վրա, ապա դա չի հաջողվի: Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում պահպանել սառնասրտություն և հիստերիկ հայտարարություններ չանել»,- ասաց իշխող կուսակցության խոսնակը:

 

Նրա խոսքով` իրենց դիտարկմամբ, ընտրություններն անցնում են նորմալ ընթացքով, իսկ պատկան մարմիններն էլ արագ արձագանքում են բոլոր ահազանգերին և խախտումներին: