ԲՀԿ շտաբը՝ «ձայների գնման հենակետ» (լուսանկարներ)
Այսօր կեսօրին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այցելել է Աէրացիա թաղամաս, որտեղ բնակիչները մատնացույց են արել մի շինություն, որտեղից քաղաքացիները ընտրատեղամաս գնալուց առաջ ստացել են 10-15 հազարական դրամներ։
Նշված շինության ապակիներին փակցված են եղել պատգամավորության թեկնածու Լյովա Խաչատրյանի լուսանկարները, ինչպես նաև ԲՀԿ–ի տարբերանշանը։ Բնակիչները Շամշյանին ասել են. «Եթե քեզ չճանաչեն, իմանան ընտրող ես, քեզ էլ փող կտան, մենակ թե ընտրես իրանց թեկնածուին»։
Բնակիչները Գ. Շամշյանին նաև հայտնել են, որ գումարները ստանում էին ներսում երիտասարդ մի տղայի կողմից, որին էլ վերահսկում էին միջին տարիքի երկու տղամարդ։ Գ. Շամշյանի փոխանցմամբ՝ նույնիսկ բնակիչները արդեն կատակում էին. «Ապօրինի շինությունը վերածվել է «ձայների գնման հենակետի»»։
Նշենք, որ այսօր ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել թիվ 12 ընտրատարածքում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Գոհար Վեզիրյանից այն մասին, որ Էրեբունի փողոցում՝ նախկին կադաստրի շենքի դիմաց՝ բիլիարդանոցում, նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Լյովա Խաչատրյանի օգտին քվեարկելու համար բաժանվում է ընտրակաշառք՝ 10.000 –ական դրամ:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության միջոցով հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնին՝ ստուգել հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ԲՀԿ–ականների կողմից ընտրակաշառքներ բաժանելու դեպքերի հետ կապված արդեն իսկ երկու քրեական գործ է հարուցվել ՀՀ Գլխավոր դատախազության կողմից։
Լուսանկարնեը՝ Գագիկ Շամշյանի









