Սիրիայում համաներվել է անկարգությունների ավելի քան 205 մասնակից

15:40 • 06.05.12

Սիրիայում հերթական համաներումն է շնորհվել անկարգությունների մասնակիցներին, «որոնց ձեռքերը չեն արյունոտվել խաղաղ բնակիչների արյամբ»: Ինչպես հաղորդում է պետական «ՍԱՆԱ» գործակալությունը, մայիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների նախօրեին ազատություն է ստացել 265 մարդ: Ընթացիկ տարում Սիրիայում ընդհանուր առմամբ ազատ է արձակվել ընդդիմության ավելի քան 4.000 ակտիվիստ:

 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտից ի վեր, մեկ տարի շարունակ, բախումներ են տեղի ունեցել նախագահ Բաշար ալ Ասադի զորքի ու ռեժիմի հակառակորդների միջև, որոնց ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է ավելի քան 8.000 մարդ:

 

«ՍԱՆԱ»-ի տվյալներով` Սալքին քաղաքում շաբաթ օրը բախում է տեղի ունեցել սիրիացի սահմանապահների ու Թուրքիայից երկիր թափանցած ահաբեկչական մի խմբի միջև: Բախման հետևանքով 2 կողմն էլ կորուստներ են ունեցել, սակայն սիրիացի զինծառայողներին հաջողվել է ահաբեկիչներին հետ ուղարկել թուրքական տարածք, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը:

 

Հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել նաև երկրի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում: Ահաբեկիչը մեքենայում տեղադրված պայթուցիկ է գործի դրել: Զոհվել է 3 մարդ, այդ թվում` մեկ երեխա, 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, վաղը կայանալիք խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել հայազգի Սունբուլ Սունբուլյանը: