Ոստիկանությունը ճշտում է ԲՀԿ–ական պատգամավորի օգտին բաժանված ընտրակաշառքի հավաստիության մասին լուրը

11:43 • 06.05.12

Ոստիկանության Էրեբունու բաժնում ընդունվել և գրանցվել է Գոհար Վեզիրյանի կողմից արված հայտարարությունը` կապված թիվ 12 ընտրատարածքում պատգամավորության ԲՀԿ-ական թեկնածու Լյովա Խաչատրյանի օգտին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից։
Ոստիկանության կողմից ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ` պարզելու տեղեկության հավաստիությունը:

 

Նշենք, որ Երևանի Շենգավիթ վարչական համայնքն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում ինքնաառաջադրված պատգամավորի թեկնածու լրագրող Գոհար Վեզիրյանն այսօր առավոտյան 9.20-ին ահազանգել է Դատախազության գիծ, և տեղեկացրել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Լյովա Խաչատրյանի համար Շենգավիթի Կադաստրի շենքի հարևանությամբ գտնվող բիլիարդանոցում քաղաքացիներին 10 հազարական դրամ է բաժանվում:

 


Tert.am–ի հետ զրույցում Գոհար Վեզիրյանը պատմեց հետևյալը.«Ես ահազանգը լսելուն պես մեկնեցի դեպքի վայր ու ահավոր տեսարանի ականատես եղա, մարդիկ էին հերթի մեջ, որոնց չորս երիտասարդներ սենց՝ կալոդով 5.000 –ական դրամ ձեռքներին, փող էին բաժանում: Մարդիկ հերթով ներս էին մտնում, իրանք էդ տետրի ցուցակի մեջ նշում էին անունը, փողը տալիս էին մարդկանց: Ես որ մտա ու ասացի՝«ի՞նչ եք անում», հասկացավ, որ ես յուրային չեմ, միանգամից տետրը վերցրեց ու բիլիարդանոցի հետնամուտքով փախավ»:

 


Մյուս տղայի փախուստը (որի ձեռքին է եղել դրամների կապոցը )՝ մինչև դատախազ Կորյուն Փիլոյանի հանձնարարությամբ դատախազության աշխատակիցների ժամանումը, Գոհար Վեզիրյանը փորձել է կանխել՝ փակելով դուռը, սակայն նա մինչ այդ հրելով լրագրողին՝ փախել է: