Արքայազն Ուիլյամը նույնպես չի մասնակցի Ուկրաինայում անցկացվելիք Եվրո-2012-ին
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը չի այցելի Ուկրաինա և չի մասնակցի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակում Անգլիայի հավաքականի հանդիպումներին, գրում է The Daily Telegraph-ը:
Արքայազնն Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահն է: Սպասվում էր, որ Ուիլյամը` որպես ասոցիացիայի նախագահ, կմասնակցի Անգլիայի հավաքականների հանդիպումներին, որոնք պետք է անցկացվեն ուկրաինական Դոնեցկ ու Կիև քաղաքներում: Սակայն նա հրաժարվել է մասնակցությունից:
«Ուիլյամի բացակայությունը ևս մեկ հարված կլինի Եվրո-2012-ի համար, քանի որ Եվրոպայի մի խումբ առաջնորդներ հայտնել են առաջնության անցկացումն Ուկրաինայում բոյկոտելու մասին` Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ մարդու իրավունքների խախտման դեպքից հետո»,- գրում է թերթը:
Օրերս Ուկրաինայի նախկին վարչապետ, 7 տարվա ազատազրկման դատապարտված Տիմոշենկոն բանտից հիվանդանոց տեղափոխման ճանապարհին ծեծի էր ենթարկվել բանտի աշխատակիցների կողմից, ինչից հետո հացադուլ է հայտարարել:
Բրիտանիայի արքունական շրջանակներից, սակայն, հայտնում են, որ արքայազնի որոշումը պայմանավորված չէ «Ուկրաինայում ստեղծված քաղաքական իրավիճակով»:









