Հրապարակի միջադեպից տուժած շուրջ 78 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցում
Այսօրվա դրությամբ, մայրաքաղաքի մի շարք հիվանդանոցներում շարունակում են հոսպիտալացված մնալ շուրջ 78 մարդ, որոնք տուժել էին մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպից, այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը՝ հերքելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում շրջանառվող տեղեկատվությունը, թե ծանր վիճակում գտնվող հիվանդներից երկուսը մահացել են:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում Հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ իներտ գազով լցված փուչիկների պայթյունի և հրդեհի արդյունքում հիվանդանոց էին տեղափոխվել 154 քաղաքացի։
Ի պատասխան հարցին, թե քանիսի՞ վիճակն է մնում ծանր, Շուշան Հունանյանն ասաց. «Նման հիվանդներ չկան, կան, իհարկե, վերակենդանացման բաժանմունքներում գտնվող հիվանդներ, բայց նրանց վիճակը կայուն ծանր է»:









