Մարտունու Զոլաքար գյուղում կոտրել են ՀԱԿ–ի վստահված անձի ատամը
Գեղարքունիքի մարզի 24/26 ընտրատեղամասում (գյուղ Զոլաքար) ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձինք՝ Ալավերդի Նամալյանը և Վարդան Հայրապետյանը, ծեծի են ենթարկվել, որի հետևանքով կոտրվել են Ալավերդի Նամալյանի ատամները կամ ատամը, այս մասին Tert.am-ին հայտնեցին «Հայ ազգային կոնգրես»-ից:
Մարիամ անունով ներկայացած անձը տեղեկացրեց, որ կոտրվել են նաև վստահված անձանց տեսախցիկները, որոնցով վերջիններս խախտումներ էին ֆիքսել:
Ի պատասխան հարցին, թե ովքե՞ր էին ծեծողները և արդյո՞ք իրենք դիմել են Ոստիկանություն, Կոնգրեսից խոստացան մանրամասնվեր ներկայացնել ավելի ուշ:
Մեր հեռախոսազանգին պատասխանած անձը նշեց, որ, ըստ նախնական տեղեկությունների, ծեծողները Հայաստանի Հանրապետական կուսակցության վստահված անձինք կամ համակիրներ են:
«Հայ ազգային Կոնգրես» դաշինքն արդեն արձանագրել է մի քանի տասնյակ խախտումներ ՀՀ բոլոր ընտրատարածքներում և, մասնավորապես, առավել կոպիտ խախտումներ՝ Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքում:









