Financial Times-ի խորհուրդները` նախագահ Պուտինին

13:58 • 07.05.12

Բրիտանական մամուլն անդրադարձել է Մոսկվայում կիրակի տեղի ունեցած ընդդիմադիր «Միլիոնների երթ» ակցիային ու դրան հաջորդած ձերբակալություններին, և միայն մեկ թերթ` Financial Times-ն է անդրադարձել Վլադիմիր Պուտինի` նախագահի պաշտոնին վերադարձին:

 

Թերթը հրապարակել է Morgan Stanley Investment Management-ի վերլուծաբան Ռուչիր Շարմայի` «Սիրով Ռուսաստանին» հոդվածը, որն ավելի շատ նամակ է հիշեցնում Պուտինին:  Ըստ հոդվածագրի` ռուսական տնտեսության աճի տեմպերը շարունակում են նվազել: «Եթե հումքի գներն ընկնեն, ապա ռուսական տնտեսության աճը կշարունակի նվազման միտումներ դրսևորել»,- գրում է նա:

Դրանից խուսափելու համար` նա Պուտինին առաջարկում է 4 քայլ կատարել.

1. Հարուստ երկիրը պետք է թանկարժեք ապրանքներ արտադրի: Նրա խոսքով` Ռուսաստանը նավթ ու գազ ունի, սակայն մոսկովյան ֆոնդային բորսայում չեն ներկայացվում արդյունաբերական հատվածի և ոչ մի ընկերության բաժնետոմսերը, իսկ չէ՞ որ հենց սա մի քանի երկրների պարագայում նպաստեց տնտեսության աճին: Ավելին, տնտեսության պետական հատվածի ծավալներն արդեն հասնում են 40%-ի, ինչը դժվարացնում է մասնավոր ներդրումների հոսքը:


2. Հարստանալ ցանկացող երկիրը պետք է ինչ-որ կերպով հիմնական քաղաքները կապի երկրի այլ շրջանների հետ: Անհրաժեշտ է կառուցել ավտոմայրուղիներ, կամուրջներ ու երկաթուղային գծեր: «Մոսկվայից Պետերբուրգ կարելի է հասնել 4 ժամում: Իսկ Կազան հասնելը, որը գրեթե նույն հեռավորության վրա է գտնվում, տևում է 14 ժամ», - տարակուսանք է հայտնում վերլուծաբանը:


3. Տնտեսությունը ձեռնարկատիրական դասի կարիք ունի: Ռուսաստանի տնտեսության մեջ գերիշխում են միլիարդատերերը: Միայն Մոսկվայում 78 միլիարդատեր է բնակվում, սակայն այս երկիրը նույնիսկ ընդգրկված չէ աշխարհի միլիոնատերերի տասնյակում: «Երկրին պետք են «սովորական հարուստներ»: Ոմանք Ռուսաստանը համեմատում են արդեն մայր մտնող Հռոմեական կայսրության հետ»,- գրում է հոդվածագիրը:


4. Նորմալ տնտեսության համար անհրաժեշտ են բանկեր: Ըստ Շարմայի` Ռուսաստանի ֆինանսական հատվածն ավելի շատ հիշեցնում է Նիգերիայի պես աղքատ երկրների: Այս երկրում գերիշխում է միայն մեկ բանկ, և վարկեր ստանալը` ինչպես բնակարանի, այնպես էլ բիզնես սկսելու համար, չափազանց դժվար է:

 

«Այլ կերպ ասած` անհրաժեշտ է «լցնել բաց տեղերը»` զարգացնել արդյունաբերությունն ու կապուղիները, ստեղծել միջին խավ և «հասարակ» միլիոնատերերի դաս, և զարգացնել միջին բիզնեսը»,- եզրափակում է թերթը: