Ընտրությունները փաստեցին հայ հասարակության ծախվածության մակարդակը. Անահիտ Բախշյան

17:18 • 07.05.12

Երեկ տեղի ունեցած Ազգային Ժողովի ընտրությունները փաստում են հայ հասարակության մի լուրջ տոկոսի ծախվածության բարձրագույն աստիճանի մասին, այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Անահիտ Բախշյանը։


«Ժողովրդի այն հատվածը, որն ամենաթշվառն է, իրավունքները պաշտպանված չեն և որոնք ամենաշատն ունեն ամենօրյա հոգատարության կարիք, երեկ, ծախվելով ընտրություններին, մնացին միայնակ և գնացին դեպի կործանում»,- ասաց Անահիտ Բախշյանը:


«Ժառանգության» անդամը նաև նշեց, որ իրենց ձայնը վաճառած քաղաքացիները հինգ տարի մատնվելու են անտարբերության և ճահիճի մեջ են մնալու:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել 9 քաղաքական ուժեր՝ համամասնական ընտրակարգով մասնակցելու համար, ինչպես նաև շուրջ 143 անհատներ՝ մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար:


Անահիտ Բախշյանը մեծամասնական ընտրակարգով երեկ պարտվեց և գրավեց 3-րդ հորիզոնականը: Նույն՝ 12-րդ ընտրատարածքում մեծամասնականով պատգամավոր ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Լյովա Խաչատրյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ռոբերտ Մասումյանը:


Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում 12-րդ ընտրատարածքում կայացած մեծամասնական ընտրությունները և իր պարտությունը, Անահիտ Բախշյանն ասաց. «Ես սա առաջին անգամ եմ ասում, մինչ ընտրությունները ես սոցիոլոգիական հարցում էի պատվիրել, և հարցվածների 44%-ն իրենց ձայնը պատրաստ էին տալ ինձ: Ճիշտ է, տխրել եմ, բայց ողբերգություն չէ դա ինձ համար»:


Հարցին, թե ընտրված պատգամավորը կկարողա՞ իրականացնել իր ծրագրերը, Անահիտ Բախշյանն ասաց. «Մի կողմից էլ լավ է, որ գոնե Լևոնն Խաչատրյան է անցել: Ես իրեն ճանաչում եմ և գիտեմ, որ հոգատար մարդ է: Շնորհավորում եմ Լևոն Խաչատրյանին։ Ճիշտ է նա հսկայական գումարներ ծախսեց այդ տեղը գնելու համար, բայց ասում են, որ դա իրեն շատ պետք է»,- եզրափակեց Անահիտ Բախշյանը: