Նախորդի համեմատ այս ընտրությունները մի քանի անգամ լավ են լուսաբանվել. Բորիս Նավասարդյան
Մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի շրջանակներում, կուսակցություններին և դաշինքներին անհրաժեշտ եթերաժամ է տրամադրվել, ԶԼՄ-ի ուշադրությունը՝ դեպի կուսակցություններ, մի քանի անգամ ավելի բարձր մակարդակի վրա է եղել, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Թեև հետազոտված հեռարձակողները նախորդ համազգային ընտրությունների, ինչպես նաև, նախընտրական քարոզչության չորս շաբաթյա ժամանակաշրջանին նախորդած ամիսների համեմատ մի քանի քայլ առաջ են գնացել, սակայն չի կարելի ասել, որ համանման առաջընթաց է եղել նաև քաղաքական գործիչների վարքագծում»,- նկատեց Բորիս Նավասարդյանը, նշելով որ ամբողջ քարոզչության շրջանում գրեթե չի նկատվել քաղաքական բանավեճ, ինչը բացասական երևույթ է:
Ըստ Նավասարդյանի, ընտրությունների լուսաբանման ընթացքում մի շարք խնդիրներ, այնուամենայնիվ, նկատվել են, որոնք առնչվում են օրենսդրությանը:
Նախընտրական քարոզչությանը նախորդած ժամանակաշրջանում «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների բարեգործական ակցիաները, սոցիալական ուղղվածության նախաձեռնություններին վերաբերվող որոշ նյութեր, որոնք լուսաբանվել են ԶԼՄ-ներով, իրենց մեջ պարունակել են թաքնված քարոզչություն:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նկատում է. որ նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում քաղաքական ուժերի նկատմամբ առավել հետաքրքրություն է դրսևորել «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, որն ընտրությունների լուսաբանման առումով, սահմանել է բացարձակ ռեկորդ:
««Արմնյուզը» 295 անգամ անդրադարձել է քաղաքական կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին, նրանց տրամադրելով, ընդհանուր առմամբ, 9,424 վայրկյան եթերաժամանակ»,- ասաց Նավասարդյանն ու հավելեց՝ լուսաբանման առումով երկրորդ և երրորդ տեղերում են «Կենտրոն» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ. ընտրությունների արդյունքում մոտ ժամանակներս կձևավորվի ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովը, ինչպես նաև նոր կառավարությունը:









