Նման որակի ընտրություններ Հայաստանի պատմության մեջ չի եղել. դիտորդներ

16:02 • 07.05.12

Նման որակի ընտրություններ Հայաստանի պատմության մեջ չի եղել, և երեկվա համապետական ընտրությունները համապատասխանում են եվրոպական չափանիշներին, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ հասարակություն ինստիտուտ» դիտորդական կազմակերպության նախագահ Էդգար Հակոբյանը:


«Մեր կազմակերպությունը, հավատարմագրված լինելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, հետևել է նախընտրական գործընթացին, և համադրելով դիտորդների արձագանքները, հայտարարում է, որ իրավապես նոր որակի ընտրություններ են անցկացվել, որոնք նախորդ խորհրդարանական ընտրությունների հետ որևէ եզր չունեն»,- ասաց Էդգար Հակոբյանը:


Վերջինս բարձր գնահատեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքն ու ընտրողների ցուցաբերած բարձր ակտիվությունը:


Անդրադառնալով ընտրացուցակներին, Էդգար Հակոբյանը նշեց, որ ոչ մի երկրում էլ չկա կատարյալ ընտրացուցակ: Նա բերեց սկանդինավյան երկրների օրինակը, որտեղ գործում է էլեկտրոնային ընտրացուցակների տարբերակը:


Էդգար Հակոբյանն անդրադարձավ նաև ընտրակաշառքների հարցին և նշեց, որ դրանք, իրոք, առկա են եղել, սակայն ընտրակաշառքն, ընդհանուր առմամբ, ընտրական պատկերի վրա ազդեցություն չի կարող ունենալ:


Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցել են 9 քաղաքական կուսակցություններ` համամասնական ընտրակարգով և 143 անհատներ` մեծամասնական ընտրակարգով: