Մեքենան սխալ կայանելու համար` կրակոց դեմքին. ուկրաինական յուրահատուկ պատիժ
Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի 76-ամյա մի բնակիչ, ում անունը չի նշվում, կրակել է նույն քաղաքի գործարարներից մեկի երեսին` մեքենան սխալ կայանելու համար, տեղեկացնում է rus.newsru.ua կայքը:
Քրեական հետախուզության վարչության պետ Ալեքսանդր Սալամբաշը հայտնել է, որ թոշակառուն առաջին անգամ է հայտվում իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:
Ոստիկանության տվյալներով` գործարարը սեփական մեքենայով մոտեցել է իր խանութին և մեքենան կայանել խոտածածկ տարածքում: Այդ պահին բնակելի շենքի մուտքից դուրս է եկել թոշակառուն և վարորդին խնդրել է մեքենան դուրս բերել խոտածածկ տարածքից:
Նրանք վիճել են, թոշակառուն վերադարձել է տուն, ավելի ուշ ատրճանակով մոտեցել է գործարարին ու կրակել նրա դեմքին: Այդուհանդերձ գործարարին հաջողվել է փրկել:
Թոշակառուն իր մեղքն ամբողջությամբ ընդունել է, հավելելով, որ այդ պահին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ ու չի գիտակցել թե ինչ է անում:









