Միասնական շտաբը չի շտապում հապճեպ գնահատականներ տալ, ինչպես միջազգային դիտորդները. Հմայակ Հովհաննիսյան
Ընտրությունների հանրային վերահսկման միասնական շտաբը չի շտապում գնահատական տալ երեկ տեղի ունեցած քվեարկությանը, քանի որ չի ցանկանում միջազգային դիտորդների նման հապճեպ գնահատականներ տալ, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ միասնական շտաբը կուսակցությունների կողմից արձանագրած խախտումները, ընդհանուր մոտեցումները կարձանագրի և կներկայացնի շտաբի հերթական նիստին, իսկ նիստ կգումարվի այն ժամանակ, երբ բոլոր քաղաքական ուժեր կստանան բոլոր ընտրատեղամասերի տվյալները և կունենան ընտրությունների ամբողջական պատկերը:
«Հենց այդ ժամանակ կգումարենք նիստ, կկազմենք օրակարգ: Մեր մեղքով չէ, որ առայժմ աշխատանքը դեռ ընթացքի մեջ է: Միայն միջազգային դիտորդներն են, որ հապճեպ գնահատականներ են տալիս, հետո սկսում են վերանայել»,- ասաց Հովհաննիսյանն ու ավելացրեց, որ իրենք չեն շտապում, քանի որ պետք է տան հիմնավոր գնահատական, ինչը շատ պատասխանատու է:
Հարցին, թե քաղաքական ուժերն ինչու չեն մեկնաբանում երեկվա քվեարկությունը, Հովհաննիսյանը պատասխանեց հետևյալ կերպ. «Իմաստության աստվածուհի Միներվայի բուն թռչում էր կեսգիշերին։ Ասածս նշանակում է, որ քաղաքական ուժերը քննարկում են ընտրությունների ընթացքը, կգան եզրահանգումների, որոնք կներկայացնեն միասնական շտաբ: Մենք կհամեմատենք և կտեսնենք, թե որքանո՞վ են դրանք համադրելի»:









