Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը գնահատականների հարցում չեն շտապում
Այս պահի դրությամբ, ընտրություններին մասնակցած ինը քաղաքական ուժերից խորհրդարան անցածներից 6-ը չեն շտապում գնահատականներ տալ ընտրությունների արդյունքների վերաբերյալ, և, ի վերջո, պատասխանել հարցին՝ ընդունո՞ւմ են, թե՞ ոչ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը Tert.am -ի հետ զրույցում նշեց, որ և՛ այսօր, և՛, ըստ ամենայնի, վաղը ԲՀԿ-ն ընտրությունների վերաբերյալ որևէ գնահատական չի տա:
«Կարծում եմ՝ ընտրությունների ամբողջական պատկերն ունենալուց հետո մեր քաղաքական խորհրդում կքննարկվի, և մենք հանդես կգանք հայտարարությամբ»,- նշեց ԲՀԿ անդամը:
Հիշեցնենք, որ ժամը 12.00-ի դրությամբ, արդեն հաշվարկված 1982 ընտրատեղամասերի արդյունքների համաձայն՝ ԱԺ ընտրություններին մասնակից 9 քաղաքական ուժերից ԲՀԿ-ն, , ուներ 30.20% ձայն: Ինչը նշանակում է, որ, այս պահին ԲՀԿ-ն, անցած գումարման ԱԺ-ում ունեցած մանդատների թվի համեմատ (այն է՝ 25) ձևավորվելիք խորհրդարանում ավելացնելու է իր տեղերը առնվազն 3.5 տասնյակ:
Երեկ, քվեարկության ամբողջ օրը, ԲՀԿ-ն և ընտրությունները վերահսկող միասնական շտաբը հանդես էին գալիս համատարած ընտրախախտումների վերաբերյալ դատապարտող հայտարարություններով:
«Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ևս նշեց, թե ընտրությունների արդյունքները դեռ քննարկվում ու վերլուծվում են, ուստի «Ժառանգություն»-ից ևս այսօր ձեռնպահ են մնում ընտրությունների վերաբերյալ գնահատականներ ներկայացնելուց:
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը խորհուրդ տվեց Դաշնակցության գնահատականին սպասել կուսակցության անունից տարածվելիք հաղորդագրության մեջ, իսկ մինչ այդ գնահատականներ ՀՅԴ–ից նույնպես չեն հնչելու:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»-ի նախընտրական շտաբի ղեկավար, թիվ 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Լևոն Զուրաբյանին, ապա վերջինս և ՀԱԿ այլ ներկայացուցիչներ երեկվանից խուսափում պատասխանել Tert.am-ին հեռախոսազանգերին:
Նախկինում ընտրությունները ճանաչել-չճանաչելու մասին լրացուցիչ մեկնաբանություններ ստանալու կարիք չէր զգացվում, քանի որ, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցությունների ներկայացուցիչ անդամները ստորագրում էին ընտրությունների արդյունքների նախնական կամ վերջնական արձանագրության տակ, ապա դրանով հարցը փակվում էր:
Այսինքն՝ եթե ստորագրում էին, ուրեմն՝ ընդունում էին, եթե չէին ստորագրում, կնշանակի՝ մերժում էին: Մինչդեռ նախորդ տարի մայիսին Ընտրական օրենսգրքի լրամշակումից հետո, ԿԸՀ ձևավորվում է այլ՝ պրոֆեսիոնալ, անկուսակցական անդամների սկզբունքով:
ԿԸՀ բոլոր անդամներն այսօր ստորագրել են ընտրությունների նախնական արդյունքների արձանագրության տակ:









