Հայաստանը ժողովրդավարության ճիշտ ուղու վրա է. ԱՊՀ դիտորդների ղեկավար
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Գարկունը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների մոնիտորինգի ամփոփիչ զեկույցը, ասաց, որ ընտրությունները կայացան ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան։
«Կարծում ենք, որ ԱԺ ընտրությունները կայացան համապատասխան դեմոկրատական նորմերին՝ ազատ, բաց և մրցակցային: Հայաստանը ժողովրդավարության ճիշտ ուղու վրա է»,– ասաց Վլադիմիր Գարկունը։
Նա նաև նշեց, որ առաքելության կազմում ընդգրկված 170 անդամները, շրջելով մոտ 200 ընտրատեղամասերում, մի քանի վրիպակներ են նկատել, որոնք, ըստ Վլադիմիր Գարկունի, հիմնականում տեխնիկական բնույթի էին:
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարն ընտրախախտումներից հատկապես մատնանշեց անձնագրերից՝ կնիքների թանաքների արագ անհետացման փաստը, ինչին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նրա խոսքով, արագ արձագանքել էր:
Բացի այդ, Վլադիմիր Գարկունն ասաց, որ որոշ տեղերում հերթեր էին գոյանում և դա որակեց ոչ որպես բացթողում, այլ՝ որպես մարդկանց ակտիվության հետևանք:
Վլադիմիր Գարկունը նաև ավելացրեց, որ ՀՀ ընտրական նոր օրենսդրությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին և ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է տալիս ազատ արտահայտել իրենց կամքը:
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը նաև բարձր գնահատեց ընտրական հանձնաժողովների անդամների պատրաստվածությունը, և ասաց, որ գոհ է նաև ԶԼՄ-ների՝ մինչ ընտրություններն իրականացրած աշխատանքից:
ԱՊՀ երկրների մյուս ներկայացուցիչները նույնպես ՀՀ ԱԺ ընտրությունների անցկացման բոլոր փուլերը բարձր գնահատեցին, նշելով, որ ընտրությունների ընթացքն անցավ «ակնհայտ հանգիստ մթնոլորտում՝ առանց լարվածության և ճնշումների»:









