Հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատկերը. ում քանի մանդատ (աղյուսակներ)
Այսպիսով, արդեն կարելի է ստանալ նորընտիր՝ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի նախնական պատկերը, մասնավորապես, թե որ քաղաքական ուժը քանի աթոռ կզբաղեցնի խորհրդարանում։
Նախ և առաջ, թերևս ավելորդ չէ նկատել, որ ստորև բերվելիք ցուցանիշները վերջնական չեն՝ և կախված վերջնական ճշգրտումներից, հնարավոր է՝ ենթարկվեն աննշան փոփոխությունների։ Այնուամենայնիվ, մենք հնարավորություն ունենք ստանալ վերջնականից քիչ շեղվող պատկեր։
Եթե հաշվի առնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալները, ապա խորհրդարան են անցնում 6 քաղաքական ուժեր՝ 5 կուսակցություն (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ՕԵԿ) և մեկ կուսակցությունների դաշինք՝ ՀԱԿ–ը։
Ինչպես երևում է ստորև ներկայացված աղյուսակից, քաղաքական ուժերի ստացած ձայների նախնական մեծությունները որոշակիորեն աճում են ի հաշիվ 5%–անոց արգելքը չհաղթահարած ուժերի հավաքած քվեների։ Մասնավորապես, ՀԿԿ–ի, ՀԴԿ–ի և ՄՀԿ–ի հավաքած 1.63 % քվեները համապատասխան կշիռներով բաշխվում են այդ արգելքը հաղթահարած քաղաքական 6 ուժերի միջև։ Իսկ այդ կշռված տոկոսները բաշխելով համամասնական ընտրակարգով նախատեսված 90 խորհրդարանական տեղերի վրա և դրանց գումարելով նաև մեծամասնական տեղերի քանակը՝ ստանում ենք, որ ՀՀԿ–ն ունենում է 66, ԲՀԿ–ն՝ 37, ՀԱԿ–ը՝ 7, ՕԵԿ–՝ը 6, «Ժառանգությունն» ու ՀՅԴ–ն՝ 5–ական տեղ խորհրդարանում։
Բացի կուսակցական համամասնական ցանկերում ընդգրկված թեկնածուները, խորհրդարան են անցել նաև 6 հոգի, որոնցից 3-ն առաջադրված են եղել ՀՀԿ–ի կողմից և հավանաբար կմտնեն ՀՀԿ խմբակցություն։ Դրանք են Գարեգին Նուշիկյանը՝ թիվ 10-ից, Սեդրակ Սարոյանը՝ թիվ 19-ից և Արկադի Համբարձումյանը՝ թիվ 29-ից։ Այսպիսով` ՀՀԿ–ի պատգամավորների թիվը հասնում է 69-ի, այսինքն՝ նույնիսկ 3 մանդատով ավել, քան բացարձակ մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ նվազագույնը։
Այսպիսի ցուցանիշը հնարավորություն է տալիս ՀՀԿ–ին նույնիսկ առանց կոալիցիա կազմելու՝ ձևավորել Կառավարություն։ Բայց կոալիցիա կկազմի այն, թե ոչ, ցույց կտա ժամանակը։
Մեր հարցին, թե արդյոք նորընտիր խորհրդարանում առկա ուժերի հարաբերակցությունը կարող է կոալիցիա կազմելու հիմք դառնալ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ–ն այս պահին կոալիցիա կազմելու հարց չի քննարկել։ «Հետընտրական բոլոր զարգացումները կքննարկենք, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները»,– նշեց Շարմազանովը։
Նշենք, որ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2007թ. մայիսի 25-ին: Մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ տեղի ունեցան 2007թ. օգոստոսի 26-ին և 2008թ. օգոստոսի 24-ին:
ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2007թ. մայիսի 25-ին: Մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ տեղի ունեցան 2007թ. օգոստոսի 26-ին և 2008թ. օգոստոսի 24-ին:
ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովը աշխատանքն սկսեց 2007թ. հունիսի 7-ին: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը, իսկ տեղակալներ ընտրվեցին Վահան Հովհաննիսյանը և Իշխան Զաքարյանը: Հետագայում Ազգային ժողովի նախագահի տեղակալներ ընտրվեցին Արևիկ Պետրոսյանը` 2007թ. նոյեմբերի 12-ին (Ի. Զաքարյանը նշանակվեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ), Հրայր Կարապետյանը` 2008թ. մայիսի 20-ին (Վ.Հովհաննիսյանը հրաժարական ներկայացրեց), Սամվել Նիկոյանը` 2009թ. մայիսի 18-ին (Հ.Կարապետյանը հրաժարական ներկայացրեց): 2008թ. սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Հովիկ Աբրահամյանը (Տ. Թորոսյանը հրաժարական ներկայացրեց):
2008թ. ապրիլի 30-ին Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ կառավարության ծրագրին:
ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց պատգամավորական 5 խմբակցություն` «Հայաստանի հանրապետական կուսակցություն» (64 պատգամավոր), «Բարգավաճ Հայաստան» (25 պատգամավոր), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (16 պատգամավոր), «Օրինաց երկիր» (8 պատգամավոր), «Ժառանգություն» (7 պատգամավոր): Այս խմբակցությունները ստեղծվել են 2007թ. հունիսի 7-ին: Դրանցում ընդգրկված չէ 11 պատգամավոր:
Այսպիսով, պետք է արձանագրել, որ նախորդ ընտրությունների համեմատ ամենազգալի աճն արձանագրել է ԲՀԿ–ն՝ իր պատգամավորների թիվն ավելացնելով 11-ով, իսկ ամենամեծ կորուստն ունեցել է ՀՅԴ–ն՝ 16 մանդատի փոխարեն այժմ ունենալով ընդամենը 6-ը։ Երկուական մանդատ են կորցրել ՕԵԿ–ն ու «Ժառանգությունը», իսկ ՀՀԿ–ն ավելացրել է իր մանդատների քանակը 5–ով։
Կարելի է փաստել, որ տեղի է ունենում մանդատների կենտրոնացում խոշոր կուսակցություններում՝ ի դեմս ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի։ Դա տեղի է ունեցել ինչպես այլ կուսակցությունների, այնպես էլ անկախ պատգամավորների հաշվին։ Վերջիններիս թիվը նախորդ խորհրդարանի 11 պատգամավորներից այս տարի հասել է 2-ի, եթե, իհարկե, թիվ 30 և 40 ընտրատարածքներում ընտրված թեկնածուներ Էդմոն Մարուքյանն ու Մարինե Մարաբյանը որևէ խմբակցության մեջ չընդգրկվեն։
Դե իսկ նախորդ խորհրդարանի համեմատ այս խորհրդարանում նորույթը կլինի նոր քաղաքական ուժի առկայությունը՝ ի դեմս «Հայ ազգային կոնգրես» դաշինքի, որն ամենայն հավանականությամբ կստանա 7 մանդատ։

Ստորև ներկայացնում ենք ՀՀԿ համամասնական ցուցակի առաջատար 100, ԲՀԿ–ի՝ 50, ՀԱԿ–ի, ՕԵԿ–ի, «Ժառանգության» և ՀՅԴ–ի 15 անունների ցանկը։
![]()
![]()










