Այս ընտրությունները նույնիսկ ավելի վատն էին, քան 2008-ի նախագահականը. Պետրոս Մակեյան
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ասում է, որ չի կարող թաքցնել ճշմարտությունը, և մեկ անգամ ևս հայտարարում է, որ կոալիցիոն երեք կուսակցությունները՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիրը» և «Բարգավաճ Հայաստանը» Արթիկում, Մարալիկում համատարած ընտրակաշառքներ են բաժանել և որ այս ընտրություներն ավելի վատն էին, քան 2008թ. նախագահական ընտրությունները:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի մեջ մտնող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյան՝ Tert.am-ը խնդրանքով մեկնաբանելով «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանը նշել էր, թե բավականին աբսուրդային և «օրիգինալ» վիճակ է, երբ մի կողմից ԲՀԿ-ն համատարած ընտրակաշառք է բաժանում, մյուս կողմից Կոնգրեսը և Դաշնակցությունը, որոնք ևս ընտրությունների վերահսկման միասնական շտաբում են, դրան չեն արձագանքում, որևէ գնահատական չեն տալիս :
«Եթե երեք օր առաջ Արթիկում ընտրակաշառքը 10.000 դրամ էր, ապա այսօր արդեն՝ 20.000՝ մեկ ձայնի համար:Եվ բոլորը , և այդ թվում՝ ԲՀԿ-ն նույն բանն էին անում»,- ասաց Պետրոս Մակեյանը:
Նա կոչ արեց, որպեսզի իրավապահներն իր այս հարցազրույցը դիտարկեն որպես հանցագործության մասին հաղորդագրություն:
Ընդդիմադիր քաղաքական գործիչը նշեց, որ գնալով Հայաստանում ընտրություններն ավելի ու ավելի արատավոր են դառնում, և այս ընտրությունները նույնիսկ ավելի վատն էին, քան 2008-ի նախագահական ընտրությունները:









