Ոստիկանությունն ստացել է ընտրախախտումների մասին 129 տեղեկություն
2012 թ. մայիսի 6-ի ժամը 8.00-ից մինչև մայիսի 7-ի ժամը 6.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբում ԱԺ պատգամավորների ընտրության ընթացքի վերաբերյալ ստացվել է 129 տեղեկություն:
ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբից հայտնում են, որ տեղեկությունները վերաբերում են խուլիգանական գործողություններին, ընտրատարածքների մոտ մարդկանց կուտակումներին, ընտրացուցակների անճշտություններին, քվեաթերթիկների պակասին, ընտրությունների ընթացքին, ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելուն, կրկնակի ընտրության փորձին, ընտրակաշառքին, հակաքարոզչությանն ու այլ խախտումների:
Ոստիկանությունում գործող «Թեժ գծով» ստացվել է 27 տեղեկություն, հերթապահ մասեր` 59, ինտերնետային կայքերից` 41, դիտորդներից` 2 տեղեկություն:
Տեղեկությունների իսկությունը ճշտելու նպատակով Ոստիկանությունն անհապաղ ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ, նախապատրաստվել են նյութեր, Ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրվել և ԶԼՄ-ներին է տրամադրվել հիսունից ավելի պարզաբանում:
ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբից տեղեկացնում են, որ տեղեկությունների մի մասը հերքվել է, մյուսներով քննությունը շարունակվում է:









