6/19 ընտրատեղամասում հաշվարկն ավարտվեց վիճաբանությամբ. առաջատարը ՀՀԿ-ն է

00:48 • 07.05.12

Թիվ 6/19 ընտրատեղամասում համամասնական քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց վիճաբանությամբ. Հայաստանի հանրապետական կուսակցության վստահված անձ Արայիկ Սաֆարյանը դժգոհեց հաշվարկներից, երբ նկատեց, որ ՀՀԿ-ի օգտին անվավեր համարվող քվեաթերթիկը չէին ցանկանում հաշվարկել:

Հիշեցնենք, որ ընտրողը քվեաթերթիկի վանդակից դուրս էր դրել նշանը, հետևապես, նման դեպքերում քվեաթերթիկը օրենքով համարվում է անվավեր:

 

Վիճաբանության ժամանակ Արայիկ Սաֆարյանը նշեց, թե անօրինական քայլեր են կատարվում։

Tert.am-ի հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ վստահված անձը մինչ այդ ևս նկատել է խախտումներ, Արայիկ Սաֆարյանը պատասխանեց.«Ես ընդամենը էդ մեկը նայեցի, մանրուքի հետևից եթե ընկնենք, սաղդ էլ մանրուք արել եք: Ես էդ եմ ի նկատի ունեցել: Ուզում եմ ասեմ, որ ամեն մի մանրուքի համար, որ խոսանք, հա~ կխոսանք»:

 

Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց 00:15 րոպեին: Հաշվարկի արդյունքում պարզ դարձավ, որ առաջատարը ՀՀԿ-ն է՝ 395 ձայնով: ՀՀԿ–ին հաջորդում են «Բարգավաճ Հայաստանը»՝103 ձայն, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը՝ 5 ձայն, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը՝ 64 ձայն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 15 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 34 ձայն,


Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 46 ձայն, և «Միավորված հայեր» կուսակցությունը՝ 2 ձայն:

Անվավեր քվեաթերթիկների քանակը 35 է, որից 3-ը եղել են դատարկ ծրարներ:

Հիշեցնենք, որ տեղամասի ընտրողների ընդհանուր թիվը 1140 է, իսկ քվեարկությանը մասնակցել է 754 քաղաքացի: