Սերժ Սարգսյանը շնորհավորել է Վլ. Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նշել է, որ ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ, բոլոր ոլորտներում ստեղծվել է միջպետական փոխգործակցություն, ակտիվ քաղաքական երկխոսություն և հետևողականորեն իրականացվել են երկուստեք ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:
ՀՀ նախագահն ընդգծել է Վլադիմիր Պուտինի անձնական ներդրումը հայ-ռուսական փոխգործակցության ձևավորման հարցում:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, Վլադիմիր Պուտինի մշտական ջանքերն էլ ավելի են ամրապնդել մեր ժողովուրդների եղբայրությունը, բազմապատկել՝ հարցերի դրական լուծումը:
«Հուսով եմ, որ Ձեր անփոփոխ ուշադրությունը հայ-ռուսական գործընկերության զարգացման նկատմամբ, մեր վստահելի անձնական երկխոսությունը հետագայում ևս կկանխորոշեն ընդհանուր ջանքերը՝ ի նպաստ մեր երկրների դաշնակցային փոխգործակցության, ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների բարօրության, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:
Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ, եղբայրական Ռուսաստանին՝ խաղաղություն և բարգավաճում:









