Պուտինը երդվեց. պաշտոնական արարողությունն ավարտվում է

12:09 • 07.05.12

Մոսկովյան Կրեմլի պալատում րոպեներ առաջ տեղի ունեցավ մարտի 4-ին անցկացված նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը: Այն սկսվել էր Կրեմլի Սոբորնայա հրապարակում` գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Նախագահական գնդին հրաժեշտով:

 

Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Կրեմլի Անդրեևսկի դահլիճում, որտեղ Մեդվեդևը նորընտիր նախագահին փոխանցեց նախագահական իշխանության խորհրդանիշը: Պուտինի երդումից հետո, Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը նրան ՌԴ նախագահ հայտարարեց:


Արարողությանը հրավիրված էր մոտ 3.000 մարդ, այդ թվում են կառավարության, Պետդումայի ու Դաշնային խորհրդի անդամներ, Սահմանադրական դատարանի դատավորներ, պետական մարմինների այլ ներկայացուցիչներ: Ներկա են Պուտինի նախընտրական շտաբի վստահված անձինք ու ներկայացուցիչներ, ինչպես նաև ընտրություններին մասնակցած նախագահի այլ թեկնածուներ, դիվանագիտական, գիտական, մշակութային, հասարակական գործիչներ:


Պուտինին` որպես ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, կփոխանցվի ռազմավարական միջուկային ուժերի կառավարումը: Արարողության ավարտից հետո, Կրեմլի Սոբորնայա հրապարակում տեղի կունենա Նախագահական գնդի միջոցառումը, որն այսօր տոնում է նաև իր ձևավորման 76-րդ տարեդարձը:


Սա Պուտինի նախագահության երրորդ ժամկետն է, որը կտևի 6 տարի: Նա առաջին անգամ նախագահ է ընտրվել 2000թ.-ին, վերընտրվել` 2004-ին: