Պուտինի երդմնակալության արարողությանը ներկա են եղել հին ընկերները` Բեռլուսկոնին, Շրյոդերը

15:32 • 07.05.12

Մոսկովյան Կրեմլում Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանն այսօր ներկա է եղել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, հայտնում է gazeta.ru-ն: Արարողությանը ներկա գտնվելու համար Կրեմլ են այցելել նաև Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը: Ներկա են գտնվել նաև ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ` Նադեժդա Բաբկինան, Ստաս Միխայլովը, Գրիգորի Լեպսը, դերասան և երգիչ Միխայիլ Բոյարսկին:


Ընդհանուր առմամբ, Կրեմլի մամուլի ծառայության համաձայն, արարողությանը հրավիրված է եղել մոտ 3.000 մարդ: Նրանց թվում եղել են ՌԴ կառավարության, Պետդումայի ու Դաշնային խորհրդի անդամներ, Սահմանադրական դատարանի դատավորներ, պետական մարմինների այլ ներկայացուցիչներ: Ներկա են գտնվել նաև Պուտինի նախընտրական շտաբի վստահված անձինք ու ներկայացուցիչներ, ինչպես նաև ընտրություններին մասնակցած նախագահի այլ թեկնածուներ, դիվանագիտական, գիտական, մշակութային, հասարակական գործիչներ:

 

Արարողությունը սկսվել է Կրեմլի Սոբորնայա հրապարակում` գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Նախագահական գնդին հրաժեշտով:


Սա Պուտինի նախագահման երրորդ ժամկետն է, որը կտևի 6 տարի: Նա առաջին անգամ նախագահ է ընտրվել 2000թ.-ին, վերընտրվել` 2004-ին: