Կրեմլում տեղի կունենա Պուտինի երդմնակալության արարողությունը
Մոսկովյան Կրեմլում` Երևանի ժամանակով 12.00-ին, տեղի կունենա մարտի 4-ին անցկացված նախագահական ընտրություններում հաղթած վարչապետ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Արարողությանը մասնակցելու համար հրավիրվել է մոտ 3.000 մարդ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նրանց թվում են ՌԴ կառավարության, Պետդումայի ու Դաշնային խորհրդի անդամներ, Սահմանադրական դատարանի դատավորներ, պետական մարմինների այլ ներկայացուցիչներ: Ներկա կլինեն Պուտինի նախընտրական շտաբի վստահված անձինք ու ներկայացուցիչներ, ինչպես նաև ընտրություններին մասնակցած նախագահի այլ թեկնածուներ, դիվանագիտական, գիտական, մշակութային, հասարակական գործիչներ:
Արարողությունը կսկսվի Կրեմլի Սոբորնայա հրապարակում` գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Նախագահական գնդին հրաժեշտով: Երդմնակալության արարողությունը կանցկացվի Կրեմլի պալատի Անդրեևսկի դահլիճում, որտեղ Մեդվեդևը նորընտիր նախագահին կփոխանցի նախագահական իշխանության խորհրդանիշը: Պուտինը կերդվի, ինչից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը նրան ՌԴ նախագահ կհայտարարի:
Այնուհետ Պուտինին` որպես ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, կփոխանցվի ռազմավարական միջուկային ուժերի կառավարումը: Արարողության ավարտից հետո, Կրեմլի Սոբորնայա հրապարակում տեղի կունենա Նախագահական գնդի միջոցառումը, որն այսօր տոնում է նաև իր ձևավորման 76-րդ տարեդարձը:
Սա Պուտինի նախագահման երրորդ ժամկետն է: Նա առաջին անգամ նախագահ է ընտրվել 2000թ.-ին, վերընտրվել` 2004-ին:









