Ավանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում առաջատարը ՀՀԿ-ն է

11:47 • 07.05.12

Երևանի թիվ 1 ընտրատարածքն ընդգրկող Ավան համայնքում, ըստ նախնական տվյալների, ձայների մեծամասնությամբ, հաղթում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, այս մասին Tert.am-ին հայտնեց թիվ 1 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի տեղակալ Աշոտ Թորոսյանը:


Ընտրատարածքում ընտրություններին մասնակցած 37.283 ընտրողներից Հանրապետական կուսակցությանը ձայն է տվել 16, 015 ընտրող, «Բարգավաճ Հայաստանին»՝ 7495-ը, ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրեսին»՝ 3753-ը, «Ժառանգությանը»՝ 3793, Հայ հեղափոխական դաշնակցությանը՝ 2257-ը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը՝ 240-ը, Հայաստանի կոմունիստական կուսակցությանը՝ 511-ը, «Միավորված հայեր» կուսակցությանը՝ 112–ը, «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ 1736 ընտրող:


Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, ապա Աշոտ Թորոսյանի հետ մեր զրույցի պահին դեռ թիվ 1 ընտրատարածքի բոլոր ընտրական տեղամասերի տվյալներն ամփոփված չէին:


Աշոտ Թորոսյանը, այդուհանդերձ, հայտնեց, որ, ըստ ամենայնի, առջևում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը, ապա՝ «Ժառանգության» պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանը, ապա՝ լրագրող, ՀԱԿ համակիր Գայանե Առուստամյանը:


Նշենք, որ սրանք, այսուհանդերձ, նախնական տվյալներ են: