Սարկոզին իշխանությունն Օլանդին կփոխանցի մայիսի 15-ին

16:28 • 07.05.12

Մայիսի 15-ին Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին իշխանությունը կփոխանցի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին, այսօր հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը` վկայակոչելով Ելիսեյան պալատին:

 

Ամսաթվի շուրջ պայմանավորվածությունը ձեռք են բերել Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Կսավյե Մուսկան ու Օլանդի նախընտրական քարոզարշավի ղեկավար Պյեռ Մոսկովիչը:

 

Նաև հաղորդվում է, որ Օլանդն ընդունել է Սարկոզիի` մայիսի 8-ին կայանալիք հանդիսավոր արարողությանը մասնակցության հրավերը: 5 տարի առաջ Սարկոզին մերժել էր այն ժամանակ նախագահ Ժակ Շիրակի հրավերը` մեկնաբանելով դա նրանով, թե չի ցանկանում «տպավորություն ստեղծել, որ պետությունն ունի 2 գլուխ»:

 

Մայիսի 6-ին կայացած նախագահական ընտրությունների 2-րդ փուկում Օլանդը ստացել էր 51.62% ձայն` ետևում թողնելով վերընտրվել ցանկացող Սարկոզիին: Նա Հինգերորդ Հանրապետության 2-րդ սոցիալիստ նախագահն է` Ֆրանսուա Միտերանից հետո (1981-1995):