Երևանում ՊՆ «Կամազն» ու «Գազելը» բախվել են իրար. ապահովագրական ընկերությունը դեպքի վայր է ժամանել դեպքից 1.5 ժամ անց (տեսանյութ)
Այսօր, մայիսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10.30-ի սահմաններում Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կամազ» մակնիշի ՊՆ 3321 Տ համարանիշի և «ԳԱԶ 32213» մակնիշի 1981 Տ համարանիշի թիվ 98 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և Ռազմական Ոստիկանության Երևանի կայազորի զինավտոտեսչության աշխատակիցները։
Գ. Շամշյանը հայտնում է, որ 1 ժամից ավել է ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, ովքեր տվյալ դեպքում ներկայացնում են «Ինգո Արմենիա» ընկերությունը, չեն ժամանել վթարի վայր, ինչի պատճառով վթարի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության և Ռազմական ոստիկանության աշխատակիցները չեն կարողանում գործողություններ կատարել, ինչն էլ պատճառ է դարձել, որ նշված հատվածում խցանումներ է առաջացել։
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հեռախոսահամարներով զանգահարել է նաև ֆոտոլրագրողը, սակայն հեռախոսազանգերին պատասխանող չկա։
12.05
Գ. Շամշյանը հայտնեց, որ ապահովագրական ընկերությունը հենց նոր ժամանեց դեպքի վայր։
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի









