Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասում է, որ մայիսի 6-ին հաստատվեց խորհրդարանական արդար ընտրություններ
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասում է, որ մայիսի 6-ին հաստատվեց խորհրդարանական արդար ընտրություններ անցկացնելու փաստը, սակայն ավելացնում, որ բաժանվել է ընդհանուր առմամբ 2.5 դոլար ընտրակաշառք։
Ըստ նրա՝ ամեն ինչ անցել է օրինական, սակայն վիճարկելի է ընտրողների մեծ թիվն ու ակտիվությունը։
«Այս ընտրությունների արդար անցկացնելու սպասումներն արդարացան, սակայն վիճարկելի մի հանգամանք կար, դա ընտրողների մեծ թիվն էր, և ընտրողների ակտիվությունը»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգը նշեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական վատ վիճակը ազդեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի քվեների վրա, սակայն Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի հանրապետական կուսակցության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով ավելի քան 150 մարդ հայտնվեց հիվանդանոցում, չհասցրեց վատ անդրադառնալ ՀՀԿ-ի ձայների վրա:
«Հանրապետության հրապարակում տեղի ունեցածը չհասցրեց վատ անդրադառնալ ՀՀԿ-ի ձայների վրա, որովհետև շատ քիչ ժամանակ անց տեղի ունեցան ընտրությունները»,-ասաց նա։
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ պետք չէ նվաստացնել հայ ընտրողներին, քանի որ շատ քիչ քանակով մարդիկ են գումարներ վերցրել: Ըստ Ադիբեկյանի հաշվարկի, եթե շատերը վերցնեին, դա միջին հաշվարկով յուրաքանչյուր ընտրատարածքում կկազմեր 1 միլիոն դոլար, իսկ ընդհանուր առմամբ՝ 41 միլիոն դոլար, ինչը, ըստ սոցիոլոգի, պարզապես, անհնար էր բաժանել:
«Ընդհանուր առմամբ, 2,5 միլիոն դոլար է բաժանվել: Ես կրկնում եմ, չի կարելի նվաստացնել հայ ազնիվ ընտրողին, բոլորը չէին կարող իրենց ձայները վաճառել»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացավ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում, ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, հաղթել է իշխող ՀՀԿ-ն, երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ տեղում արմատական ընդդիմություն «Հայ ազգային կոնգրեսը»: «Օրինաց երկիր», «Ժառանգություն» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները անցել են 5 տոկոսի արգելքը և 5–ական պատգամավորներով ներկայացված կլինեն ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովում:









