Հայաստանում պատերնալիզմը ավելի լավ է վաճառվում. Ալեքսանդր Իսկանդարյան

16:51 • 08.05.12

Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանում ավելի լավ աշխատում է պատերնալիզմը, քան գաղափարախոսությունը։

 

«Հայաստանի նման երկրներում պատերնալիզմը լավ է վաճառվում: Մնացած «իզմ»–երը` սոցիալիզմ, լիբերալիզմ, դրանք վատ են վաճառվում: Մարդիկ չեն կարդում ծրագրեր»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետը:

 

Նա նշեց, որ թեև մարդիկ պատրաստ են բողոքել, բայց միևնույն ժամանակ հոգնել են գաղափարախոսությունից և հեշտությամբ վերցնում են ընտրակաշառքներ:

 

«Ընտրություններն անցան բավականին ակտիվ, բայց ցույց տվեցին մարդկանց հոգնածությունը քաղաքականությունից և գաղափարախոսությունից»,– ասաց նա:

 

«Մարդիկ պատրաստ են դուրս գալ միտինգների, մարդիկ պատրաստ են բողոքել, պատրաստ են խոսել այն մասին, ինչ իրենց դուր չի գալիս քաղաքական համակարգում, բայց, միաժամանակ, նրանք պատրաստ են վերցնել ջեմի պահածո»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

 

Կովկասի ինստիտուտի տնօրենը կարծում է, որ մարդկանց վրա իրենց ազդեցությունն ունեն այն կուսակցությունները, որոնք ասում են՝ «ես ձեզ լավ կնայեմ, ես կգամ, և ամեն ինչ լավ կլինի», իսկ այն կուսակցությունները, որոնք «բարդ են խոսում»՝ պարտվում են:

 

«Այն կուսակցությունները, որոնք ասում են, որ ամեն ինչ լավ կլինի, կարողանում են գրավել ընտրողներին, իսկ ինչպե՞ս ասել, որ ամեն ինչ լավ կլինի` ինչ-որ բան տալով, հետևաբար, սա հաղթում է գաղափարախոսությանը: Սա նրանից չէ, որ մարդիկ են վատը կամ սխալը, այլ նրանից է, որ սա աշխատում է: Մյուս կողմից, սա հայկական քաղաքականության մինուսն է»,- նկատեց քաղաքագետը:

 

Ալեքսանդր Իսկանդարյանը, սակայն նշեց, որ քիչ չեն նաև մարդիկ, ովքեր չեն վերցնում կաշառք: Իր ուսումնասիրությամբ, այդպիսիք կազմում են ընտրողների մեկ քառորդից մեկ երրորդը: Սա, ըստ նրա, հսկայական թիվ է՝ Հայաստանի նման երկրի համար:

 

Քաղաքագետի համար այս ընտրությունների յուրահատկություններից էր նաև լրատվամիջոցների ազատ լուսաբանումը, որը, նրա կարծիքով, աննախադեպ էր:

 

«Անգամ Հ1-ը, որին ես բավականին ուշադիր հետևում էի, գրեթե կարծիք չէր հայտնում, այլ արտահայտվելու դաշտ էր տալիս տարբեր կուսակցության ներկայացուցիչներին»,- ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: