Ես Վահե Հակոբյանին ձա՞յն եմ տվել, որ ինձնից ես հարցնում. Ռաֆիկ Աթայան

17:27 • 08.05.12

Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը չգիտի՝ ինչպե՞ս է ստացվել, որ վերջերս Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ այդքան մեծ լարվածություն ունեցող Քաջարան գյուղում, բնակիչներն ամենաշատը քվեարկել են մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանի օգտին, ով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի որդին է:


«Ես չեմ կարող բացատրել, գնացե՛ք, ժողովրդից հարցրեք: Ես տվե՞լ եմ (ձայն - խմբ.), որ ինձնից ես հարցնում»,- Tert.am-ին ասաց Ռաֆիկ Աթայանը:


Ըստ թիվ 38 Ընտրատարածքային հանձնաժողովի հրապարակած տվյալների` Քաջարան գյուղում տեղակայված թիվ 38/58 ընտրատեղամասում ընտրության մասնակցած 138 ընտրողից Հանրապետական կուսակցության անդամ Վահե Հակոբյանի օգտին քվեարկել է 83 բնակիչ:


Ի պատասխան մեր դիտարկմանը, թե կառավարությանն ուղղված պահանջներում Քաջարանի գյուղապետը խոսում էր ողջ գյուղի անունից, մինչդեռ հիմա իրեն առանձնացնում է՝ ասելով՝ «գնացե՛ք, ժողովրդից հարցրեք», Ռաֆիկ Աթայանը հայտարարեց, թե ինքը խոսում է տասը հազար քաջարանցիների, այլ ոչ թե հիսուն հոգու անունից: Մեր հարցին, թե ի՞նչ նկատի ունի, Աթայանն այլ պարզաբանումներ չտվեց:


Ռաֆիկ Աթայանը նաև հրաժարվեց պատասխանել, թե մայիսի 6-ին ո՞ր քաղաքական ուժին է ընտրել՝ ասելով. « Ինձանից բան մի հարցրեք»:


Հիշեցնենք, որ երբ վերջերս՝ քարոզարշավի ընթացքում, Քաջարանում էր ՀՀ նախագահը, նախկին ՀՀԿ-ական Ռաֆիկ Աթայանը, մոտենալով Սերժ Սարգսյանին ասել էր՝«Պարոն նախագահ, գյուղս քանդում եք»: Սերժ Սարգսյանն էլ պատասխանել էր, թե ոչ ոք Աթայանի գյուղը չի քանդում, ապա հարցրել՝ Երևան գալուց խի չի գալիս իր մոտ: Աթայանն էլ ասել էր՝ եկել է, չեն թողել: Վերջում Սերժ Սարգսյանը խոստացել էր՝ որ այս անգամ գա, կթողնեն:
Քաջարան քաղաքն ունի 8439 բնակիչ, իսկ Քաջարան գյուղը` մոտ 223 բնակիչ: