Գազալցված փուչիկների պայթյունի փաստով հարուցված քրգործով ձերբակալվածներ չկան

10:23 • 08.05.12

Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զանգվածային միջոցառման ընթացքում գազով լցված փուչիկների բռնկման հետևանքով առաջացած պայթյունի փաստով հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է՝ ձերբակալված, կալանավորված անձինք չկա:


Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ոստիկանությունը տարածել էր հայտարարություն, որում նշված էր, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել են գազափուչիկների բռնկման վայրում գտնված անձանց շրջանակը, փուչիկները լիցքավորած և մատակարարած անձանց, ինչպես նաև, դրանք հրապարակ տեղափոխած անձանց ինքնությունը:


Նյութերի նախապատրաստման ընթացքում ստացված բացատրությունների և ձեռք բերված այլ նյութերի արդյունքում, ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում բավարար հիմքեր են ձեռք բերվել, կազմվել է օպերատիվ-քննչական խումբ:


Հաղորդվել էր նաև, որ ստուգվում են դեպքի պատճառի մի քանի հավանական վարկածներ` ինքնաբռնկում, հրդեհային անվտանգության կանոնների խախտում, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնների խախտում, դիտավորությամբ կամ անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելն ու այլ վարկածներ: