Հայ-թուրքական կարգավորումը հիանալի կլիներ, սակայն դա անհնար է. Բրայզա
Անցյալ շաբաթ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան քննադատել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նախագահ Օբամայի վարած քաղաքականությունը՝ ասելով, որ ԱՄՆ-ի վարչակազմը շատ ժամանակ է ծախսել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վրա՝ ի վնաս ղարաբաղյան հակամարտության:
«Վերջին երկու տարիների ընթացքում Վաշինգտոնը շեղվել է իր ճանապարհից», - ասել է Բրայզան՝ խոսելով Ջեյմսթաուն հիմնադրամում կլոր սեղանի շրջանակներում:
Բրայզան ասել է, որ Օբամայի վարչակազմը իր ամբողջ եռանդը ներդրել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վրա և ոչ մի ջանք չի գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բանակցություններում առաջխաղացում գրանցելու համար: Նրա պնդմամբ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն անհնար է առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի:
«Հայ-թուրքական կարգավորումը հիանալի կլիներ, սակայն դա անհնար է, ավելին՝ այն բացասաբար է ազդում Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացի վրա», - ասել է նա՝ ընգծելով. «Կարևոր չէ, թե ինչքան ենք մենք հայ-թուրքական հարաբերությունների վերահաստատում ցանկանում, միևնույնն է մենք ոչնչի չենք հասել»:
Բրայզան համոզված է, որ Ադրբեջանը մարտական գործողությունների չի դիմի:
«Այնուամենայնից, եթե բանակցություններում սառույցը չհալվի առճակատման հավանականությունը կաճի», - նշել է նա:
Բրայզան նաև ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում վստահության բացակայության փաստը՝ նշելով, որ շատ բան կախված է ԱՄՆ-ից:
Նշենք, որ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա ասել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է պայմանավորված լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Բրայզան նաև մեղադրել է ԱՄՆ-ի հայկական լոբբին՝ մասնավորապես ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախմբին՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում իր նշանակումը և Բաքու վերադառնալու հեռանկարը խափանելու համար:









