Արագածոտնի մարզում հոսանքահարման արդյունքում 3 կով է սատկել, մեկի վիճակն էլ ծանր է (լուսանկարներ, տեսանյութ)

14:55 • 08.05.12

Այսօր՝ մայիսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 10.30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Աղձք համայնքի ղեկավար Արսեն Ավդալյանին է զանգել նույն համայնքի բնակիչ Իսահակ Մելիքյանը և հայտնել, որ Աղձք համայնքի վարչական շրջանում գտնվող Մուշ այգեգործական ընկերության մոտ էլեկտրահարման հետևանքով սատկել են գյուղի բնակիչներին պատկանող 3 կովեր, իսկ 1 կովն էլ թեև էլեկտրահարվել է, սակայն չի սատկել, բայց վիճակը գնահատվում է ծանր։

 

Հոսանքահարվել է նաև նախրապան Իսահակը, ով համայնքի ղեկավարին հայտնել է, որ կովի պոչից քաշելու ժամանակ ինքն էլ է հոսանքահարվում, և միայն համայնքի ղեկավարի հորդորով դադարեցրել է կովերին դուրս բերել նշված հատվածից։ Դեպքի վայրում հավաքված գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել են, որ 3-ն էլ կթու կովեր են եղել՝ 4-6 տարեկան, որոնք պատկանում են նույն գյուղի բնակիչներ Գրիգոր Պետրոսյանին, Աշոտ Սաֆարյանին և Մելիքսեթ Սահակյանին։

 


Այս պահին տեղում են գտնվում Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ քննչական խումբը, որի անդամները պետք է պարզեն կովերի սատկելու հանգամանքը։ Համայնքի ղեկավարի կանչով «Բյուրական Էլցանց» մասնաճյուղի աշխատակիցները էլեկտրաէներգիայի մատակարարումը նշված հատվածում դադարեցրել են, որպեսզի կատարվեն աշխատանքներ։

 

Կատարվածի կապակցությամբ Գ. Շամշյանը խոսել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, ով պատասխանել է. «Դեպքի մասին նոր եմ լսում, հիմա կուղարկեմ համապատասխան բաժնի աշխատակիցներին, որպեսզի պարզեն պատճառները»։ Իսկ վնասի փոխհատուցման հետ կապված մարզպետը ասել է. «Կփորձենք տուժված գյուղացիների վնասը մեր միջոցներով փոխհատուցել, սակայն օրենսդրորեն մենք դրա պարտայվորությունը չունենք։ Սակայն դա կփորձենք անել որպես մարդկային քայլ։ Հակառակ դեպքում նրանք պետք է դիմեն դատարան»։

 

Գյուղացիներն էլ Շամշյանին պատմել են, որ «շիվարել են», չգիտեն ինչ անեն։ Նրանք նաև պատմել են, որ մի քանի տարի առաջ ևս նման դեպք եղել է։

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի