Էրդողանը պնդում է, որ Թուրքիան է եղել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնողը

10:16 • 08.05.12

Սլովենիայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է «Տասնամյակի պետական գործիչ» մրցանակ, որն իրեն էր շնորհվել երկու ամիս առաջ:
 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սաբահ» օրաթերթը, մրցանակի հանձնման արարողության ժամանակ Էրդողանը ելույթ է ունեցել` անդրադառնալով նաև հարևանների քաղաքականությանը:
 

«Մեր տարածաշրջանը բազմաթիվ ողբերգությունների ականատես է եղել: այս տարածաշրջանում արյուն, արցունք շատ է թափվել, բախումներ շատ են եղել: Պատմության ամեն փուլում, պատերազմներ են եղել, սակայն երբ ազգերը սկսել են հաղորդակցվել, պարզվել է, որ մենք բավական հետաքրքիր տարածաշրջան ունենք,: Մեր լեզուներն ու կրոնը տարբեր են, բայց իրականում թուրք, հույն, սերբ ժողովուրդներին կապում են խոհանոցի, երաժշտության և մշակույթի նմանությունները:Ես չեմ ասում մոռանանք պատմությունը: Պատմությունից դասեր քաղել է պետք»,-ասել է նա:
 

Նա պնդել է, որ Թուրքիան է առաջին քայլերն արել Կիպրոսի և Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:
 

«Մենք մեր հարևանների հետ ունեցած խնդրները հերթով բանակցության սեղանին ենք դրել և համագործակցության ճանապարհներ ենք փնտրել: Տեսանք, որ բազմաթիվ հարցեր իրականում հաղորդակցության պակասից են առաջանում: Կիպրոսի հարցում խնդրի լուծում փնտրող կողմը մենք ենք եղել, Հայաստանի և Հունաստանի հետ էլ խնդիրների լուծման ճանապարհներ փնտրելու հարցում առաջին քայլերը մենք ենք կատարել»,-ասել է նա: