Մանդատներից հրաժարվելը հիմարություն կլինի. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի համամասնական ցուցակի 8-րդ համար Հրանտ Բագրատյանի անձնական կարծիքով՝ հիմարություն կլինի, եթե ՀԱԿ խորհրդարանում մանդատներից հրաժարվի:
«Ինչի՞, առանց էդ էլ իրենք հսկայական 25-30 տոկոսը փախցրել են: Չմտնի որ ի՞նչ: Հիմարություն է… Մարդիկ քվե են տվել ... Այսինքն՝ հրաժարվում ենք, երկիրը վարի է գնում, հրաժարվե՞նք՝ ասենք ինչ ուզում եք արե՞ք: Իհարկե, հանրապետականը առանց այդ 7 հոգու էլ (նկատի ունի ՀԱԿ ապագա խմբակցության պատգամավորներին – խմբ.) ինչ ասես անելու ա, բայց կմտնենք, գոնե մի երկու տեղ էլ դիտողություն կանենք», -Tert.am –ի հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանը:
Կրկին ընդգծելով, որ սա իր՝ ոչ թե ՀԱԿ–ի կարծիքն է, ՀՀ նախկին վարչապետը որպես սխալմունք գնահատեց նաև 2009 թ. մայիսի 31-ի Երևանու ավագանու ընտրություններին ավագանու մանդատներից հրաժարվելը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը և բացառությամբ իր անդամ կուսակցությունների առանձին ներկայացուցիչների տված հարցազրույցների, դեռ պաշտոնական գնահատական չի տվել նախորդ կիրակի անցած ընտրություններին: Իհարկե, չհաշված բուն քվեարկության օրը Միասնական շտաբում Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները, որով մայիսի 6-ի քվեարկությունը որակվեց՝ «խայտառակ»:
Նշենք, որ բացառությամբ ՀՀԿ-ի, մյուս ուժերը ևս չեն շտապում գնահատականներ տալ:
Հրանտ Բագրատյանը երկու բառով ընտրությունների վերաբերյալ իր կարծիքը ներկայացրեց հետևյալ խոսքերով.« Փող: Սաղ փող էին բաժանում: Համատարած»:
Հրանտ Բագրատյանը հատկապես վիրավորված է քաղաքացիներից, քանի որ ասաց.«Մարդիկ գալիս են մեր հանրահավաքներին, մեզ հետ խոսում են բարձր թեմաներից խոսում, բայց գնում են , փողը վեկալում են, ինչ ասես անում են: Երևանը, կենտրոնը փող են վերցնում, իրենք տենց պրոդուկտ, տենց ժողովուրդ են ստեղծել: Իրենք հաղթել են, բայց պարտվել է երկիրը»:
Նշենք, որ Արմավիրում մեծամասնականով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Հակոբ Հակոբյանը լրատվամիջոցներից մեկին ասել է, որ երեկ գնացել է եկեղեցի և մոմ է վառել ընտրակաշառքի առջև «իրենց հոգիները վաճառած» ընտրողների համար:









