Վաբշե մի եկեք մեր երկիր, ամերիկայից եք, ռուսաստանցի եք, որտեղից եք, ես թքած ունեմ ձեր ընդունած որոշումների վրա. Հրանտ Բագրատյան
«ՀԱԿ-ը միակ ընդդիմությունն է: Մենք միակ ընդդիմություն ենք»,-այսօր ՀԱԿ հանրահավաքին հայտարարեց ՀՀ առաջին վարչապետ Հրանտ Բագրատյանը և դա մի քանի անգամ կրկնեց:
Ապա` նա նկատեց, որ իրենց խաբել են, և փորձեց բացատրել, թե ինչպես: Նա նշեց, որ ընտրակեղծիքները կատարվել են հիմնականում թվերի միջոցով:
Նա նաև անդրադարձավ դիտորդական միջազգային առաքելության պատվիրակներին և իր զայրույթը հայտնեց նրանց հասցեին:
«Վաբշե մի եկեք մեր երկիր, ամերիկայից եք, ռուսաստանցի եք, որտեղից եք, ուզում եք մեզ կոտորեն: Ես թքած ունեմ ձեր ընդունած որոշումների վրա»,-բորոբոքվեց Բագրատյանը և նշեց, որ իրենց նպատակն է այս ձևով երկիրը ծնկի բերեն, ապա իրենցից օգնություն խնդրեն:
«Եթե դիտորդների մեջ մի հատ կարգին մարդ լիներ, կասեր՝ Սերժ Սարգսյան, դու 2 871 000 մարդ ունես, դրանցից որ հանում ես՝ 24 տոկոսը չի քվեարկում (ի նկատի ունի 18 տարին չլրացած ՀՀ քաղաքացիները), 76 տոկոսը կազմում է մաքսիմում 2մլն 170 000, բա էդ 2 525 000 ո՞րտեղից ես գտել»,- հարցրեց նա:
Բագրատյանը նաև նշեց, որ ցուցակները հիմնականում լցվել են գյուղերում, իսկ կոնկրետ օրինակների դեպքում, ըստ նրա, միևնույնն է իշխանությունը պատասխան կգտնի։ «Կասեն այդ գյուղում սխալվել ենք ախպեր ջան։ Սրանք կատվի պես են, ոնց քցում ես՝ չեն ընկնում»,– ասաց նա:
Նախկին վարչապետը նաև զարմանք հայտնեց, թե ինչպես կարող է պատահի, որ ՀԱԿ-ը համամասնականով ստանա 106 000 ձայն, իսկ մեծամասնականով 184 000 ձայն:
Ապա խոսեց նաև ընտրակաշառքներից՝ նշելով, որ այդ գումարները, որ տրվել են, ձեռառնելիք է: «Ինչ աստիճանի են ձեռ առնում: Բաժանել են 25 մլն դոլար, որ առաջիկա 3 օրում հետ վերցնեն 125 մլն»,- ասաց նա և ավելացրեց, որ հենց այդ 25 մլն դոլարով ընտրության ինստիտուտը վերացվեց՝ եզրակացնելով, որ դրանից հետո է, որ մարդիկ էլ չեն ուզում Հայաստանում մնալ:









