Իրանն ԱՄՆ-ին կոչ է անում դասեր քաղել Սարկոզիի ճակատագրից

12:47 • 08.05.12

ԱՄՆ իշխանությունները պետք է իրենց ուշադրությունն ուղղեն իրենց քաղաքացիների խնդիրների լուծմանը, և ոչ թե ժամանակ վատնեն Իրանի դեմ պատժամիջոցներին միանալու շուրջ այլ երկրների հետ բանակցություններ վարելու վրա: Այս մասին այսօր Թեհրանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփանարաստը:

 

Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Ասիա կատարած այցի ընթացքում փորձել է Չինաստանի ու Հնդկաստանի ղեկավարությանը համոզել` կրճատել իրանական նավթի ներկրման ծավալները:

 

Մեհմանփարաստի խոսքով, եթե ամերիկացիներն իմանային, թե Սպիտակ տան վարած քաղաքականությունն ինչ վնաս է հասցնում ԱՄՆ շահերին, ապա դա անպայմանորեն կազդեր ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա:


«ԱՄՆ պաշտոնատար անձինք պետք է դասեր քաղեն Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ճակատագրից»,- ընդգծել է նա:

 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում անցկացված նախագահական ընտրություններում հաղթել էր սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը:

 

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն նոյմեբերի 6-ին: