Վթարի ենթարկված «ԲՄՎ»-ի իրավապահ վարորդը սպառնացել է դեպքի վայր ժամանած ՃՈ աշխատակիցներին (լուսանկարներ)

19:07 • 08.05.12

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
 

Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17.30-ի սահմաններում «ԲՄՎ» մակնիշի 64 ՍՕ 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
 

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վարորդը Սևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արմեն Գեղամյանն է եղել, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն:
 

Հավաքվածները նաև պատմել են, որ վարորդը, ով գտնվելիս է եղել ոչ սթափ վիճակում, իրավապահ համակարգի աշխատակից է. Սևան քրեակատարողական հիմնարկի հերթափոխի պետի տեղակալն է՝ կոչումով կապիտան:


Ականատեսները հավելել են, որ վարորդը սպառնալիքներ է ուղղել վթարի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հասցեին:

 

Այս պահին դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի և հետաքննիչ Ստեփան Համբարյանի գլխավորությամբ:
 

Դեպքի վայր է ժամանում նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչը:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի