ՕԵԿ-ը «սպոյլեր» է և ավելի շատ նման է ռուսական կուսակցություններին. քաղաքագետ

15:46 • 08.05.12

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն ավելի շատ նման է ռուսական, քան հայկական կուսակցություններին, քանի որ «սպոյլեր» է, այսինքն, ձայներ է փախցնում։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ալեքսանդր Իսկանդարյանն ասաց, որ այս երևույթը հայկական քաղաքական կյանքի ֆենոմեններից է:

 

«Կուսակցությունը ավելի նման է, ոչ թե հայկական, այլ ռուսական կուսակցություններին, սա հայկական քաղաքական կյանքի ֆենոմեններից է: Նա «սպոյլեր» է, կուսակցություն, որը ստեղծվել է ուրիշի կողմից, որպեսզի աջակցի խորհրդարանի մեծամասնության նպատակներին»,- ասաց նա:

 

Ըստ Կովկասի ինստիտուտի տնօրենի՝ հետաքրքրական է այն, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը համոզված չէր, որ խորհրդարանում մեծամասնություն կկազմի, այլապես նրանց պետք չէր ստեղծել «սպոյլեր»:

 

«Այդ իսկ պատճառով ՕԵԿ-ի ֆենոմենը բավականին հետաքրքիր է, և մյուս կողմից բավականին հաջող»,- նշեց քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ «Օրինաց երկրի» ստացած 5,49% ձայները սպասելի էր։ Մյուս կողմից էլ, ըստ Իսկանդարյանի, դա նաև մեծ հաջողություն էր։

«Դա հաջողություն է և խորհրդարան մտնելը լուրջ հաջողություն է, թե ում հաջողություն է, դա մեծ հարց է»,- ասաց նա:

Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ սպասելի էր և քիչ չէր, որ «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը հավաքեց 7.10 ձայն:


«Բավական տրամաբանական արդյունքն է, ես դրա նման մի բան էի սպասում»,-ասաց նա` նկատելով, որ պատճառներից մեկն այն է, որ մարդիկ հոգնել են գաղափարներից:

Քաղաքագետը նշեց նաև, որ ինքը հաշվարկել է մինչ ընտրությունները կուսակցությունների կողմից ասված տոկոսները: Ստացվել է, եթե ամեն մի կուսակցություն ստանար այնքան, ինչքան ասում էր, 250 տոկոս կլիներ խորհրդարանը: