ՀՅԴ-ն պարտվեց տգետ ու քաղաքացիական տեսլական չունեցող միջավայրին. Լիլիթ Գալստյան
Մայիսի 6-ի ընտրություններին գալիք Ազգային ժողովում Հայ հեղափոխական դաշնակցության տեղերը պակասեցին «տգետ, քաղաքացիական տեսլական և արժանապատվություն չունեցող միջավայրի հետևանքով, այս մասին Tert.am–ի հետ զրույցում նշեց ՀՅԴ համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Լիլիթ Գալստյանը։
Պատասխանելով հարցին, թե ո՞ր քաղաքական ուժի օգտին պակասեցին իրենց խմբակցության պատգամավորները՝ 16–ից դառնալով 5, այն դեպքում, երբ ԲՀԿ-ն օրինակ՝ նախորդ ընտրությունների համեմատ 11-ով ավելացրեց իր պատգամավորների թիվը, Լիլիթ Գալստյանն ասաց, որ սա բնավ էլ հասարակության գնահատականը չէ ՀՅԴ խմբակցության նախորդ գործունեության հինգ տարիներին, քանի որ նախկինում 16 հոգանոց դաշնակցական խմբակցությունն անցնող հինգ տարիներին 75 օրենսդրական նախաձեռնություններ է շրջանառության մեջ դրել, որոնցից 25-ն ընդունվել են:
«Ամենաարդյունավետ խմբակցությունը եղել է մեր 16 հոգանոց փոքրաթիվ խմբակցությունը: Զավեշտ է, որ այսօր կոալիցիան և երկրի նախագահը խոսում են Հայաստանում ինստիտուտների արժևորման մասին, բայց քո արդյունավետ գործունեությունը, քո քաղաքացիական-քաղաքական տեսակը, որակները ոչինչ են փողի և իշխանություն պահելու մոտ: Եվ այդ արդյունքներով խորհրդարանական խմբակցությունը պիտի էսօր ավելի շատ տեղեր ունենար»,- ասաց ՀՅԴ–ականը:
Լիլիթ Գալստյանը հիշատակեց նաև Parliamentmonitoring.am կայքը. ըստ որի, նախորդ գումարման լավագույն տասը պատգամավորներից երեքը դաշնակցականներ են և առաջինն են օրենքներ ստեղծելու ցուցանիշով։
«Բայց թքած ունեն, այսօր քաղաքական խաղի կանոններ են պարտադրված մեր իրականությանը, որտեղ ոչ մի քաղաքական, ոչ մի ինստիտուտ չի գործում, չկա քաղաքակրթության, քաղաքացիության, չգիտեմ… ժողովրդավարության, Սահմանադրության նորմ: Այսօր Հայաստանում հաղթել է փողը և պարտվել է հայ ժողովուրդը»,- հավելեց թեկնածուն, ով այս ընտրությունները որակում նաև «15.000-ով ընտրություններ»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ ԳՄ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի կամքը և քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը՝ ծրագրված համընդհանուր ընտրախախտումների արդյունքում: «Անառարկելի փաստ է, որ ընտրակաշառքը վճռորոշ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա»,- նշվում էր Դաշնակցության տարածած հայտարարության մեջ:
Նշելով, որ ժողովրդի ծանր սոցիալական վիճակը և աղքատությունը ձեռնտու է ՀՀ իշխանություններին Լիլիթ Գալստյանը հիշեց, որ երբ երկու տարի առաջ «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքի նախագիծը ներկայացրել էր ԱԺ լիագումար նիստի քննարկման , «Բարգավաճ Հայաստանի» ու ՀՀԿ-ի պատգամավորները դահլիճից դուրս եկան:
«Ես այդ ժամանակ, ԱԺ ամբիոնից ասացի, որը կրկնում եմ նույնությամբ: Որ շատ լավ հասկանում եմ, թե ինչու մենք Հանրապետությունում նվազագույն աշխատավարձը 32.000 դրամ ենք սահմանել. աղքատության ճիրաններում կեղեքվող մարդուն առնելը հեշտ է»,– հիշեցրեց նա:
Եվ հիմա, փաստորեն, Լիլիթ Գալստյանը արձանագրում է պատկեր, «երբ ՀՀ քաղաքացուն Հայաստանում առնում են ու ծախում»: Սա ոչ թե դաշնակցական Լիլիթ Գալստյանի՝ այլ քաղաքացի Լիլիթ Գալստյանի գնահատականն է։
«Թե ինչպես կարող է մեր հասարակությունն այդքան նյութապաշտ լինել, այդքան … ոնց ասեմ… հակաքաղաքկրթական»:









