Լուկաշենկոն դժգոհ է իր աշխատավարձից, սակայն խոստացել է բարձրացնել չինովնիկների ամսավճարը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ նախագահի պաշտոնում իր ամսական աշխատավարձը մոտ 2.000 դոլար է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Իսկ ահա հարևան երկրներում նախագահները ստանում են տարեկան 150 հազ դոլար (տարեկան նրա աշխատավարձը կազմում է 24 հազ դոլար -Tert.am): Տեսնո՞ւմ եք, թե իմ ու նրանց աշխատավարձերի տարբերությունը որքան է»,- ասել է Լուկաշենկոն ժողովրդին ու խորհրդարանին ուղղված իր ելույթում:
«Ես չեմ մեռնի, ինձ պետությունը կհագցնի էլ, աշխատանքի էլ կհասցնի»,- հավելել է նա` խոստովանելով, որ բելառուս չինովնիկների աշխատավարձերը շատ ցածր են, և խոստացել է բարձրացնել դրանք: Հակառակ դեպքում, ինչպես նա է ասել, երկիրը կկորցնի նրանց, «իսկ այդ դեպքում ո՞վ պետք է զբաղվի խնդիրների լուծմամբ»:
«Ես այս հարցը աչքաթող էի արել, իսկ կառավարությունն էլ ուղղակի չէր համարձակվում այս խնդիրը ներկայացնել»,- ասել է Բելառուսի նախագահը:









