Արտավազդ Վարդանյանն արդեն 6-րդ օրը հացադուլ է անցկացնում ԿԸՀ-ի շենքի առջև (տեսանյութ)
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանն արդեն 6-րդ օրն է հացադուլ է անցկացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առջև:
Արտավազդ Վարդանյանն իր բողոքի այսօրինակ ակցիայով, նախևառաջ, հասարակությունից, ինչպես նաև, մտավորականությունից պահանջում է, որպեսզի ընտրությունների անցկացման այլընտրանքային միջոցներ որոնեն:
«Այս տիպի ընտրությունները տանում են փակուղի: Դրանք ընտրություններ չեն, դրանք ընդամենը ձայն տալ են»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
«Հասարակությունը ձայն է տալիս առանց ընտրության: Այլընտրանքային ուղիների որոնման դեպքում, մենք կփոխենք այն խաղի կանոնները, որ հաստատել է իշխանությունը»,-ասաց Վարդանյանն ու ավելացրեց, որ ընտրություններն անցկացվում են «ապերոների» կողմից փողեր բաժանելու և ճնշումների միջոցով:
Արտավազդ Վարդանյանը նշեց նաև, որ ինքը նախորդ ընտրություններին երկու անգամ եղել է ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ և հասկացել, որ անհնար է պայքարել իշխանությունների իրականացրած անօրինությունների դեմ:
«Այս իշխանությունների խաղի կանոնների պարագայում, դու չես կարող դա անել, թեկուզ քեզ «ճղես»: Պետք է փոխենք խաղի կանոնները»,- ասաց նա:
Արտավազդ Վարդանյանը նշեց, որ այս 6 օրերի ընթացքում իրեն չի մոտեցել և ոչ մի հասարակական գործիչ, ու չի հետաքրքրվել՝ թե ինչի՞ն է ուղղված իր բողոքի ակցիան:
Թեև Արտավազդ Վարդանյանը նախապես հայտարարել էր 7-օրյա հացադուլ, սակայն վստահ չէ, որ վաղը կավարտի իր բողոքի ակցիան: Դեռ ավելին, շուտով փորձելու է նաև վրան տեղադրել ԿԸՀ-ի շենքի առաջ, ինչը դեռևս ոստիկանները նրան չեն թույլատրում:









