Մեքսիկայում ուսանողները գրավել են Միչոականի բուհի շենքը

11:03 • 08.05.12

Մեքսիկայի Միչոականի համալսարանի մոտ 150 ուսանող գրավել են ուսումնական հաստատության շենքը` պահանջելով ազատ արձակել օրեր առաջ ձերբակալված իրենց 10 ընկերներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով նահանգի իշխանություններին:


Զայրացած ուսանողները կողպել են համալսարանի դռները և ոչ-ոքի թույլ չեն տալիս մտնել ներս: Նրանց գործողությունների պատճառով, բուհի մոտ 57 հազ ուսանող չեն կարողացել երկուշաբթի դասերի մասնակցել: Ռեկտորը կոչ է արել ակցիայի մասնակիցներին հարգել այլ ուսանողների` ուսում ստանալու իրավունքը, սակայն նրա կոչը դեռ գտնվում է առկախ վիճակում:


Ապրիլի վերջին Միչոականի բուհի հարյուրավոր ուսանողներ իշխանություններից պահանջել էին իրենց ճանապարհատրանսպորտային միջոցներ ու բենզին հատկացնել ` Միչոականով և հարակից նահանգներով շրջելու և նոր ուսանողներ հավաքագրելու համար: Չստանալով որևէ օգնություն` ուսանողները դուրս էին եկել Մորելիայի փողոցներ: Ցույցը վերաճել էր ոստիկանների հետ բախումների, որոնց ընթացքում 7 ուսանող և 14 ոստիկան ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 10 ուսանող ձերբակալվել էր: