Ընտրություններն անցել են խաղաղ, հավասարակշռված մթնոլորտում. ՀԿ
«Ընտրությունը քոնն է» տեղական դիտորդական կազմակերպության գնահատմամբ` մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են խաղաղ, հավասարակշռված մթնոլորտում և օրենքի զգալի խախտումներ չեն եղել, այսօր այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեցին կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը և քարտուղար Հասմիկ Սարգսյանը:
«Արձանագրվել է խաղաղ և հավասարակշռված մթնոլորտ` գերազանցապես ընտրական ընթացակարգերի պահպանմամբ: Տեղամասերի զգալի մասում ընտրողները կարողացել են ազատ, առանց արհեստական խոչընդոտների արտահայտել իրենց կամքը` քվեարկության միջոցով: Քվեաթերթիկների հաշվման ժամանակ ևս օրենքի զգալի խախտումներ չեն արձանագրվել»,-ասաց Հասմիկ Սարգսյանը:
Նա նշեց, որ կազմակերպության 4 հազար դիտորդները եղել են 1975 տեղամասերում և դիտարկել ընտրությունների ընթացքը:
Կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը բերեց իրենց՝ դիտորդների կողմից արձանագրված ընտրախախտումների օրինակներ: Ըստ նրա՝ թիվ 5/35 ընտրատեղամասում կարմիր թանաքով քվեարկված ծրարները կնքվել և դրանք անվավեր են ճանաչվել, թիվ 6/16-ում՝ 8 ծրար, առանց կնիքի, գցվել է քվեատուփի մեջ:
Սյունիքի թիվ 38/40 տեղամասում, նրա խոսքով, մեծ թվով զինծառայողներ քվեարկել են իրենց հրամանատարի ներկայությամբ: Հրամանատարը՝ ժամը 09:30-ից, մոտ, մինչև 18:00-ը ներկա է եղել տեղամասում: Հարություն Համբարձումյանը նշեց, որ արձանագրվել են նաև դեպքեր, երբ կողմնակի անձանց հետ ընտրողը մոտեցել է քվեարկության խցիկին և նման այլ դեպքեր:
Անձնագրերում դրոշմակնիքների թանաքի անհետացման մասին, Համբարձումյանն ասաց, որ չի ուզում այլևս խոսել, քանի որ շատ է խոսվել, բայց դրական համարեց այն, որ խախտումը արագ կանխվել է:
«Դրականն այն, որ հայտնաբերելուց հետո ԿԸՀ-ն արագ արձագանքեց այս հարցին և միջոցներ ձեռնարկվեցին, որ վերանա»,- ասաց «Ընտրությունը քոնն է» տեղական դիտորդական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը:









