Ընտրական տեղամասերը դարձել են նոր տերզորներ. Նիկոլ Փաշինյան
Կիրակի օրը `մայիսի 6-ին Հայաստանում անցկացված համապետական ընտրությունները դարձան մի նոր ապրիլի 24՝ որպես ՀՀ քաղաքացու ցեղասպանության օր: Այս մասին այսօր Հայ ազգային կոնգրեսի առաջին հետընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց Երևանի Մալաթիա Սեբաստիան ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում առաջադրված և Կոնգրեսի համամասնական ցուցակի 7-րդ համար Նիկոլ Փաշինյանը: «Մայիսի 6-ին ՀՀ իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանությունը կոնկրետ ապացույց ստացավ և քաղաքացու ինստիտուտը Հայաստանում ոչնչացնելու հարցում սերժանտական իշխանությունը «տպավորիչ» հաջողություններ է գրանցում»,– հայտարարեց նա:
Ընդդիմադիր քաղաքական գործիչն իր այս՝ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «սպիտակ ցեղասպանության» թեզը ներկայացնելիս հղում կատարեց ՄԱԿ-ի կոնվենցիաներից մեկին, որն ամրագրում է, որ «ցեղասպանություն է համարվում խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որոնց նպատակը նրա՝ խմբի, լիակատար կամ մասնակի ոչնչացումն է»:
Համոզվելու համար Նիկոլ Փաշինյանն առաջարկում է մտնել ամեն բակ, ու կտեսնի համատարած զզվանք ու ատելություն այն բանի նկատմամբ, որ իրենք անում են. ընտրություն ըստ ընկալումների, զգացողությունների, գիտակցության, սակայն արդյունքում վարչական ուժային լծակներով «Մարդու մեջ սպանում, ոչնչացնում են քաղաքացուն»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ եթե երիտթուրքերի կառավարման ժամանակ աշխատեր Նիժնի Նովգորոդի ավտոմոբիլաշինական գործարանը, ապա երիտթուրքերը Տեր- Զոր կքշեին գազելներով և հավելեց, որ ՀՀ ընտրական տեղամասերը դարձել են նորօրյա տերզորներ:
Այս ընտրություններին Հայ ազգային կոնգրեսի թեկնածուն համոզվել է նաև, որ ոչ միայն թիվ 7 ընտրատարածքն է դարձել «լֆիկական օսվենցիմ», այլ ողջ ՀՀ-ն իր տարածքով: Ուստի ՀՀ բնակչությանը Նիկոլ Փաշինյանը դիտարկում է որպես գերյալների, որոնց պետք է ազատագրել: Ուստիև կոչ է արվում՝ չտրվել ընտրակաշառք վերցրած ՀՀ քաղաքացիներին անարգանքի սյունին գամելու գայթակղությանը, որովհետև «գերեվարվածներին ոչ թե փնովում են, այլ ազատագրում»:
«Հպարտ քաղաքացիներ, մենք այսօր չենք հավաքվել կոտորածի թեմայով ողբ անելու»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հպարտությամբ նշելով, որ մայիսի 7-ին իր վստահված անձինք թիվ 7 ընտրատեղամասը լքել են հպարտության զգացումով, քանի որ 9099 քաղաքացիներ են գտնվել, որոնք այս պայմաններում իրենց ձայները տվել են Նիկոլ Փաշինյանին և «պարտիզանական կռիվ տվել»:
Նիկոլ Փաշինյանը նկատեց ՝ «պետք է տեսնեիք լֆիկական օսվենցիմի կատարածուների դեմքերը քվերաթերթրկները հաշվելիս, երբ տեսնում էին, որ քվեարկել են Կոնգրեսի օգտին»:
Խոսք եղավ նաև ընթացիկ քաղաքական իրավիճակից: «Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը պետք է գնա խորհրդարան և այնտեղ կռիվ տա»,– հայտարարեց Փաշինյանը;
Ապա` Նիկոլ Փաշինյանը հերթով կարդաց ՀԱԿ մեծամասնական և համամասնական թեկնածուների անունները, որոնք նրա խոսքով՝ միասին ստացել են 180,000 քվեն:
Նախքան Փաշինյանի խոսքը, ՀԱԿ հանրահավաքը վարող, ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Կոնգրեսը դիմելու է Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու հայցով:
Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ՀՀ բոլոր ընտրատեղամասերում համատարած քվեարկել են ՀՀ-ից բացակայողները, արտագաղթածները, սակայն նշեց, որ հիմնական մեքենայությունները կատարվել են մարզերում: Նրա խոսքով՝ ակտիվ քվեարկած շրջաններ էին Գեղարքունիքը, Սյունիքը, Վայոց Ձորը, որտեղ առանձին տեղամասերում գրանցել էր 91, 97, 98. տոկոս մասնակցություն, Տաշիրում և Վայքում՝ 100, սակայն ամենաարտառոցը Արագածոտնի մարզի մի գյուղ էր, որտեղ գրանցվել էր 102 տոկոս մասնակցություն: Դա, ի դեպ, Արամ Մանուկյանի տեղեկության համաձայն, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հայրենի գյուղն է:









